Երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մեծ ութնյակի գագաթնաժողովից հետո հանդիպել է լրագրողների հետ, որտեղ մի շարք հատկանշական հայտարարություններ է արել: Մեդվեդևը կրկին անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրություններին և ասել, որ Ութնյակի նախագահներին պատմել է 2012 թ. ընտրություններում իր ծրագրերի մասին: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Մեդվեդևը չի ասել լրագրողներին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մասնակցել դրանց: Սակայն նշել է, որ Մեծ ութնյակի առաջնորդները մեկ անգամ չէ, որ իրեն այդ հարցը տվել են, և ինքը «նրանց պատմել է ողջ ճշմարտությունը» այն մասին, թե ինչ է ինքն անձամբ և իր որոշ գործընկերներ պատրաստվում անել առաջիկա ընտրությունների ժամանակ: «Կարող եմ մի քանի հասցե տալ (նկատի ունի Մեծ ութնյակի առաջնորդներին.- 1in.am), որ նրանցից իմանաք»,- կատակել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 2012 թ. նախագահական ընտրությունների հարցը վերջին շրջանում դարձել է ոչ միայն ներռուսաստանյան խնդիր, այլև՝ լուրջ քննարկումների պատճառ օտարերկրյա մամուլում և քաղաքական շրջանակներում:










































