Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով՝ այժմ մեզանում սեռական առողջության մասին նյութերը մեծ պահանջարկ ունեն, ինչի պատճառով հաճախ համացանցում հայտնվում են ոչ ճիշտ ինֆորմացիաներ: Հաճախ նաև այդպիսի նյութերն ունենում են ցնցող վերնագրեր, ինչը միայն ռեյտինգ ապահովելու համար է: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նման թեմաներով խոսելն անհրաժեշտ է, սակայն պետք է դա անել թեմայի հետ առնչվող մարդկանց միջոցով. «Խոսել պետք է, բայց ճիշտ, զգույշ, ոչ գռեհիկ, ոչ չափազանցված»:
Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն էլ հավելեց, որ այս թեմաներով ազատ խոսելը վատ բան չէ, ուղղակի սեքսուալ կյանքը և սեքսուալ առողջությունը շատ նուրբ են, և բաց քննարկումները միշտ չէ, որ դրական ազդեցություն են ունենում. «Ինձ թվում է՝ առողջ սեռական կյանքով ապրելու համար մարդիկ պետք է սեռական դաստիարակությունը բարձրացնեն, տեղյակ լինեն այս կամ այն հիվանդության մասին, որպեսզի դրանք ժամանակին կանխարգելեն»:
Նրա հավաստմամբ՝ այժմ առավել տարածված են տարբեր ինֆորմացիաները, որոնք հիմնականում տղամարդիկ են բերում. «Պետականորեն պետք է օրենք մտցնել, և ամուսնանալուց առաջ պարտադիր անցնել բուժզննում, որպեսզի հետո զույգերից մեկը մյուսին չվարակի ինչ-որ ինֆեկցիաներով»:
Բանախոսը վերջում հավելեց, որ եթե մարդը նորմալ սեքսուալ կյանքով չի ապրում, մի շարք հիվանդություններ, նևրոտիկ վիճակներ են ի հայտ գալիս:





































