Օրեր առաջ անհետացած և իր հարազատներին նամակ թողած` «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանի դեմ ոստիկանություն երկու հաղորդում է ներկայացվել: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից: Ըստ վերոնշյալ տեղեկատվության՝ Հրաչյա Պետրոսյանի իրականացրած ապօրինի գործողությունների նոր տուժողներ են ի հայտ եկել:
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ Չարենցավանի բնակիչներրից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ Հրաչյա Պետրոսյանն իր վստահությունը չարաշահելու միջոցով «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղից հունիսին ձևակերպել ու ստացել է 15 հազար ԱՄՆ դոլար և դիմել փախուստի։ Կա մեկ այլ հայտարարություն ևս, որը ներկայացրել է Արմավիրի մարզի մի բնակիչ: Վերջինս, ըստ ոստիկանության, հաղորդում է տվել, որ Պետրոսյանն իր անունով, վստահությունը չարաշահելու միջոցով ձևակերպել ու ստացել է 5000 ԱՄՆ դոլար և 5 մլն 400 հազար դրամ, որից հետո փախել է: Առաջին գործարքը ձևակերպել է մարտ, իսկ երկրորդը՝ հուլիս ամսին: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը նամակ է թողել ծնողներին և անհետացել, սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ անհետանալուց առաջ նա մեծ գումար է վերցրել բանկից: Հարուցվել էր քրգործ ՀՀ ՔՕ 179 հոդվածով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չափերով):









































