Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականից հետո, փաստորեն, սույն անձով մեր հանրության առջև ցինիկաբար կրկին երևալով և Մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական բացահայտմանն ուղղված քայլերի փոխարեն, ինչ-որ զառանցանքներ ներկայացնելով, թերևս, ակնհայտ դարձավ իշխանությունների նպատակը` դարձյալ ողբերգական իրադարձությունների բացահայտման ողջ գործընթացը տեղափոխել հերքում-պարզաբանում հավերժական տեղապտույտի դաշտ:
Վահագն Հարությունյանը, հիշեցնենք, նախ նշել էր, թե իրավապահ մարմիններին ուղղված Ս.Սարգսյանի հանձնարարականից հետո քննչական խումբը հարցաքննել է 50-ից ավելի մարդու, սակայն այդ հարցաքննությունները նույնպես բացահայտմանն ուղղված որևէ դրական արդյունք դեռևս չեն տվել, նոր փաստեր այդ վկաների ցուցմունքներով ի հայտ չեն եկել: Նրա խոսքով, ««Մարտի 1»-ի գործի բացահայտմանն ուղղված առաջընթաց չկա»:
«Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրած Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի հետ: Նրան խնդրեցինք նախ գնահատել Վահագն Հարությունյանի վերոնշյալ հայտարարությունը. «Այս փուլում նախաքննական մարմինը պետք է հրավիրեր մարդկանց, ովքեր ասելիք ունեն: Բայց հայտնի է, որ, օրինակ, վերջին օրերին հրավիրվել են մարդիկ, ովքեր մարտի 1-ին որևէ դերակատարություն չէին կարող ունեցած լինել, քանի որ մարտի 1-ից առաջ արդեն կալանավորված են եղել: Այսինքն` նախաքննական մարմինը ինքն էլ չի տիրապետում` թե ո՞ւմ է հրավիրում, ինչի՞ համար է հրավիրում և այս փուլում ի՞նչ խնդիրներ է ցանկանում լուծել: Կարևորը հարցաքննված մարդկանց քանակը չի, պետք է աշխատանք տարվի բացահայտելու համար, այլ ոչ թե թվաքանակ ցույց տալու համար` 50 մարդու են կանչե՞լ, թե՞ 100»:
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսի, թերևս, ամենացնցող հատվածը վերաբերում էր 10 մարդկանց սպանություններին: Հարցին, թե մինչ օրս ի՞նչ է հայտնի 10 մարդկանց սպանությունների մասով, Վ.Հարությունյանը պատասխանել էր, թե հաստատվել է, որ ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանը և ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել են զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունների արդյունքում: Նրա խոսքով` Թադևոսյանը մահացել է զանգվածային անկարգության մասնակիցների կողմից նետված պայթուցիկ սարքի արձակած բեկորների հետևանքով, իսկ Աբգարյանը զանգվածային անկարգության մասնակցի կողմից արձակած կրակոցից է վիրավորվել և հետագայում մահացել հիվանդանոցում:
Մի կողմ թողնենք այն, որ Վ.Հարությունյանը այս հայտարարությամբ պարզապես ցուցմունք է տվել. մարդը, փաստորեն, գիտի, թե ում գործողությունների արդյունքում են մահացել վերոնշյալ երկու անձինք, սակայն գերադասում է լռել այդ մասին:
Այս առնչությամբ Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Նախաքննական մարմնի ղեկավարը պետք է խոսի փաստերով: Տվյալ դեպքում նախաքննական մարմնի ղեկավար Վ.Հարությունյանը ամպագոռգոռ հայտարարություններ է անում: Եթե Վ.Հարությունյանը գիտի, թե ովքեր են կրակել, ով է նռնակ նետել, նշանակում է գիտի ե՛ւ կրակողին, ե՛ւ նռնակ նետողին: Այդ դեպքում ինչո՞ւ է թաքցնում նրանց անունները… Եթե ասում է` ցուցարարներն են կրակել, ուրեմն գիտի կոնկրետ ո՞ր ցուցարարն է կրակել: Հակառակ դեպքում` որտեղի՞ց գիտի, որ ցուցարարներն են կրակել… Հաջորդը` նախաքննական մարմինը ի՞նչ գործողությունների արդյունքում է դա պարզել: Լավ, զանգվածային անկարգությունների արդյունքում են մարդիկ տուժել, մահացել, վիրավորվել, բայց բախման մեջ եղել են թե՛ հասարակության ներկայացուցիչները, թե՛ ուժային թևը ներկայացնող անձնակազմը: Այսինքն` նախաքննության խնդիրն է պարզել` կոնկրետ ով, ինչի արդյունքում է մահացել»:
Ա.Քոչարյանը հավելեց նաև, որ նման ոճով հայտարարություններ անելը վկայում է այն մասին, որ Վ.Հարությունյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չի տիրապետում իրավիճակին և ըստ էության իր հրավիրած ասուլիսուվ հաստատեց, որ նախաքննությունը զբաղված է իմիտացիայով: «Վ.Հարությունյանի ասուլիսը հիմք ընդունելով` ես չեմ տեսնում, որ նախաքննական մարմինը գնում է բացահայտման ուղղությամբ: Առավել ևս, որ օրերս Youtube-ում հայտնված կադրերի առնչությամբ նա ասել է, թե առաջին անգամ է դրանք տեսնում: Ես ուզում եմ Վ.Հարությունյանին հիշեցնել, որ Փաստահավաք խումբը այդ կադրերի հետ կապված կատարել է ուսումնասիրություն, և եթե ինքը չի տեսել, նշանակում է` պարոն Նիկոյանը իրեն չի փոխանցել Փաստահավաք խմբի ամբողջ տեղեկատվությունը: Իսկ եթե փոխանցել է, բայց իրենք չեն ուսումնասիրել` դա խոսում է այն մասին, որ նախաքննական մարմինը, ըստ էության, անտեսել է փաստացի արժեք ունեցող նյութերը, որոնք կարող էին բացահայտել քննությանը հետաքրքրող բազմաթիվ հանգամանքներ»:
Մեր հարցին` թե հնարավո՞ր է, որ այս իմիտացիայի արդյունքում դեպքերի ընթացքն այնպես զարգանա, որ ընդդիմության դաշտի անհատները, ակտիվիստները սկսեն ձերբակալվել, Ա.Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի` բնական պահանջ պետք է առաջանա, որպեսզի նախաքննական մարմինը ամբողջ իր ղեկավար անձնակազմով փոխվի, որովհետև նրանք, ըստ էության, չեն կարողանում գործընթացը տեղից շարժել: Իսկ մենք գիտենք, որ հանձնարարական է տրված նախագահի պաշտոնը զբաղեցնողի մակարդակով, և նրանք պարտավոր են այդ հանձնարարականը կատարել: Եվ եթե այսպես շարունակվի` ամբողջ պատասխանատվությունը կամ կընկնի Սերժ Սարգսյանի ուսերին, կամ Սերժ Սարգսյանը պետք է որոշում կայացնի երեք տարի որևէ բացահայտում չիրականացրած և հիմա էլ իմիտացիայով զբաղվող նախաքննական մարմնի անձնակազմը փոխելու, ինչպես նաև որոշակի պաշտոնյաների որոշակի պատասխանատվության ենթարկելու խնդիրը լուծելու համար»:
Ստեղծված իրավիճակում` ո՞րն է ելքը Մարտի 1-ի բացահայտումը ճիշտ ուղղությամբ տանելու ճանապարհին` հարցրեցինք Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցչին: «Կարծում եմ` նախաքննական մարմինը և համապատասխան պաշտոնյաները լավ չեն գիտակցում, թե ինչ է նշանակում Մարտի 1-ի գործի վերաբացման հավաստիացում: Դա նշանակում է, որ իրենց թույլ տված նախկին բոլոր սխալները իրենք պետք է վերանայեն և իրական բացահայտումներ ներկայացնեն մեր հասարակությանը: Եթե դա չեն անում, ուրեմն` պատասխանատվությունը շատ մեծ է լինելու բոլոր այն պաշտոնյաների վրա, որոնք կոծկում են այս գործընթացը: Այսինքն` անպայման պատասխանատվության խնդիր կառաջանա թե՛ քննչական խմբի ղեկավարի, թե՛ այն բոլոր պաշտոնյաների, որոնք երեք տարի շարունակ իրականացնում են իմիտացիոն գործընթացներ»:
«Ժամանակ» օրաթերթ











































