«Երկիր»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վաճառքի է հանել ունեցվածքը։ Թերթի տեղեկություններով՝ «Վաճառվում է» մեծատառ գրությունը օրերս փակցվել է նաև Ծաղկաձորում գտնվող նրա շքեղ առանձնատան ճակատին։
«Դեռևս պարզ չէ՝ Թամամյանի վրա համաներումը կտարածվի՞, թե՞ ոչ։ Եթե նրան ազատ արձակեն, նա կարող է իրեն պատկանող անշարժ գույքի վաճառքից ստացված գումարով հանգիստ կյանք վարել արտերկրում։ Չի բացառվում նաև, որ այդ գումարի մի որոշ մասը կարող է պետք գալ համաներման տակ ընկնելու համար»,-նկատում է թերթը և հիշեցնում, որ Թամամյանը կալանավորված է՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով:
Համաներումը նրա վրա հնարավոր կլինի տարածել, եթե ժամանակի ընթացքում նախաքննությունը «պարզի», որ նրա կատարած հանցանքը իրականում ավելի նվազ ծանրության է, ըստ այդմ ենթակա է վերաորակման։