Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը որոշել է նոր գովազդային արշավ սկսել, որպեսզի հեղափոխությունից հետո զբոսաշրջային ոլորտում ստեղծված ծանր վիճակը բարելավվի: Արշավի «մեխը» լինելու է Թահրիր հրապարակը, որը մի քանի շաբաթ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Արշավի կարգախոսն է լինելու՝ «Թահրիր՝ հրապարակ, որը ցնցեց աշխարհը»: Նշվում է, որ այս արշավով Եգիպտոսի իշխանությունները ստեղծում են երիտասարդ ժողովրդավարական պետության երկրի իմիջ, որը հաջողությամբ հաղթահարում է ճգնաժամը:
Ենթադրվում է նաև, որ Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտին մեծապես կնպաստի վերջերս արված հայտնագործությունը: Արբանյակային զննմամբ Եգիպտոսի տարածքում հայտնաբերվել է 17 նոր բուրգ, հազարից ավելի չզննված գերեզման և մի քանի տասնյակ բնակավայր, որոնք, սակայն, այս պահին գտնվում են ավազի հաստ շերտի տակ:
Տեղեկացնենք նաև, որ զբոսաշրջությունը համարվում է Եգիպտոսի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը: Տարվա ընթացքում երկիր է այցելում ավելի քան 15 միլիոն զբոսաշրջիկ: Սակայն հեղափոխության պատճառով 2011 թ. առաջին եռամսյակում զբոսաշրջային հոսքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կրճատվել է 46%-ով:









































