Նախընտրական ներկայիս փուլում աշխուժացել են խոսակցությունները ՀՀԿ-ի հետ հետընտրական հնարավոր կոալիցիաների վերաբերյալ, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Հայաստանում ներքաղաքական գործընթացների ավանդույթներն ու մշակույթը, իհարկե չակերտավոր իմաստով: Դրանք ենթադրում են նախընտրական սուր ընդդիմադիր դրսևորումներ մի շարք սուբյեկտների մոտ, որոնք հետո հաճույքով կիսում են իշխանական կարկանդակը ՀՀԿ-ի հետ, որպես ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիացնելու պարգևավճար: Այդ համատեքստում էլ բնական է այն, որ նախընտրական փուլի հիմնական հարցադրումների շարքում տեղ է գտնում նաև ՀՀԿ-ի հետ հնարավոր հետընտրական կոալիցիայի մասին հարցը: Ավելին, դա վերածվել է նաև յուրօրինակ չափման միավորի կամ ինդիկատորի, որով փորձ է արվում գնահատել տվյալ սուբյեկտի իրական կամ արհեստական ընդդիմություն շինելը: Այստեղ, իհարկե, թերևս հենց նշաձողն է դառնում որոշակիորեն արհեստական, քանի որ իրական կամ շինծու ընդդիմություն լինելու առումով ամենևին բացարձակ չափիչ չէ այդ կոալիցիայի հեռանկարը: Եթե որևէ ուժ կտրականապես հերքում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելն ու մինչև վերջ էլ զերծ մնում այդպիսի հեռանկարից, դա դեռ չի նշանակում, թե տվյալ ուժը չի կարող լինել արհեստական, շինծու, կամ էլ ընդամենը ինչ-ինչ ներիշխանական անհամաձայնությունների հետևանքով ծնված ընդդիմություն, ոչ թե իրապես խորքային, արժեհամակարգային այլընտրանք իշխող համակարգին: Ըստ այդմ, թերևս պետք չէ կոալիցիայի խնդիրը դարձնել կեղծի և անեղծի չափիչ կամ նշաձող, այդպիսով՝ կանգնելով հանրությանը կամա, թե ակամա մոլորեցնելու ռիսկի առաջ: Դրանից բացի, ՀՀԿ-ի հետ հավանական հետընտրական կոալիցիայի խնդիրը ներկայումս ունի մի առանձնահատկություն, ինչը պայմանավորված է նոր քաղաքական, կամ հասարակական-քաղաքական իրավիճակով:
Բանն այն է, որ այդ իրավիճակը իր մի շարք բնորոշիչներով հանդերձ ձևավորում, կազմավորում է մի իրականություն, որտեղ հետընտրական որևէ կոալիցիա ձևավորելը ՀՀԿ-ի համար դադարում է լինել առանցքային, առաջնային դիտարկվող տարբերակ և ըստ ամենայնի կլինի խորը պահեստում: Բանն այն է, որ ներկայումս գործի է դրվել ընտրական մի այնպիսի տեխնոլոգիա, որտեղ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիանում կամ ապակենտրոնանում են հենց ընդդիմադիր դաշտի ներսում առկա թեժ մրցակցության հետևանքով: Ընդդիմադիր դաշտում գործնականում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունն այլևս չունի հատկապես մի որևէ ուժի կամ ուժերի անմիջական աջակցությանն ապավինելու մեծ անհրաժեշտություն, հաշվի առնելով առավել ևս այն հանգամանքը, որ կա նաև հանրային մեծ անվստահություն ու ապատիա թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ներքաղաքական գործընթացի հանդեպ ընդհանրապես: Դրան ավելանում է նաև այն, որ հանրային ոչ ակտիվ էներգիան առավել ևս դժվար է շարժվում և գեներացվում խորհրդարանի ընտրությանը:
Ներկայումս խորհրդարանի ընտրությունը փաստացի հանդիսանում է միակ համապետական, և ինչպես ասում են՝ ըստ էության նախագահական ընտրություն, սակայն որքան էլ հանրությանը փորձ է արվում ակտիվորեն տրամադրել այդ ընկալման, միևնույն է, իներցիայի ուժով առնվազն ներկայիս ընտրությանը հանրային վերաբերմունքը մնալու է գերազանցապես նախկին մակարդակում և տրամաբանության մեջ: Ավելին, քանի որ չկա նաև նախագահի ընտրության խնդիր, հետևաբար իշխանությունը չունի նաև այդ արդեն անձնավորված և համեմատության մեջ լարվածության առավել մեծ ներուժով ընտրությանը ապահովել որոշակի թիկունքային ամրություն քաղաքական դաշտում, հետընտրական կոալիցիա կազմելու կարիքը իշխանության մոտ նվազում է էապես: Ընդ որում, դրա պատճառներն ամենևին այդքանը չեն, կան կարևոր այլ պատճառներ նույնպես, ընդ որում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնույթի: Մասնավորապես, իշխանությունը ներկայումս գտնվում է ռեսուրսային ճգնաժամում և եղած նյութական ու ֆինանսական հոսքերը չեն բավականացնում անգամ իշխող մեծամասնության շրջանակում «արդարացի» բաշխման համար: Այդ իրավիճակում իշխանությունը մեղմ ասած շահագրգռված չէ մեծացնել հավակնորդների շրջանակը, այն դեպքում, երբ իշխող մեծամասնության ներսում իսկ տեղի է ունենում հակառակը՝ հավակնորդների շրջանակը փորձ է արվում նեղացնել: Թերևս առանցքային պատճառն էլ հանդիսանում է այն, որ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում իշխող մեծամասնության համար առավել բարձրանում է խորհրդարանում որակյալ մեծամասնություն ունենալու գինը, քանի որ առանց ուժեղ նախագահի ինստիտուտի, այսպես ասած բնական կոալիցիայի պարագայում տեղի է ունենում իշխանության թեկուզ մասնակի, բայց ռեալ կորուստ: Իսկ դա կարող է լինել միայն սկիզբը, առնվազն հոգեբանական խուճապային վիճակի: Իսկ ոչ քաղաքական-գաղափարական մեծամասնության պարագայում դա կարող է լինել ճակատագրական սկիզբ:
Լուսանկարը՝ Photolure-ի








































