ՀՅԴ-ն դեմ է ՀԱԿ-ի՝ ԼՂ համակարտության լուծման վերաբերյալ նախընտրական խոստումներին՝ խաղաղության կարգախոսին: «Այդ մոտեցմանը դեմ ենք: Այդ կարգախոսը հրապարակ բերելուց առաջ պիտի հարց տանք՝ այդ ի՞նչ չի արել Հայաստանը մինչև հիմա, որ այդ հաշտեցումը տեղի ունենա։ Հայաստանից չի ծագել որևէ պատերազմ, մեզնից չեն բխում ամեն օր հրադադարի խախումները, Ադրբեջանի չդադարող ագրեսիվը, որոնց մասին ամեն օր լսում ենք», – ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ընդգծեց, որ ՀԱԿ-ն այս հայտարարությամբ փորձում է դրսի բարեհաճությունը շահել:
«Ժամանակին էլ հրաժարվեց, գնում էր այլ ճանապարհով՝ «տարածքներ խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձևն էր, որը մերժվեց հասարակության կողմից: ՀՅԴ-ն պայքարում էր դրա դեմ և դրա համար բանտերում էր: Հիմա ուզում է վերականգնել նույն թեզերը՝ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով՝ այն, ինչ առաջարկում է Ալիևը ծիծաղելի է. «Նա առաջարկում է ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում… »: Ռուստամյանը նաև ընդգծեց. «Մենք ասել ենք՝ որևէ զիջման մասին անիմաստ է խոսել, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը:
Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմից ՀՅԴ անդամին ծեծելու մասին լուրերին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Ռուստամյանն ընդգծեց, որ իրավապահներն արդեն այդ հարցով զբաղվում են, և ինքը չի ցանկանում միջամտել: «Ես չեմ ցանկանում հիմա ավելի բաներ խոսել, քանի որ իրավապահները զբաղվում են այդ հարցով, իսկ ես չեմ ցանկանում միջամտել: Մեզ համար կարևոր է, որ այս հարցը չքաղաքականացվի: Չի բացառվում, որ նրանք անձնական խնդիրներ են ունեցել և այդ միջադեպը որևէ քաղաքական դրդապատճառ չունի… Ռեյտինգային ընտրակարգը դատարկ տեղ չի թողել, անտեր ձայն չկա. »,- նշեց Ռուստամյանը և կոչ արեց «ասիական հետամնաց ոճով» չառաջնորդվել:
Հարցին՝ հնարավո՞ր է Բազմասեր Առաքելյանը և միջադեպի մյուս կողմ դաշնակցականը հաշտվել են, Ռուստամյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ նրանք հաշտվել են, որովհետև համագյուղացիներ են, երկար տարիներ միասին նույն գյուղում ապրել են: Շատ հնարավոր է, որ նրանք ինչ-որ անձնական խնդիր են ունեցել, վիճել են, հետո հաշտվել: Ամեն դեպքում, կրկնում եմ՝ իրավապահները զբաղվում են այդ հարցով, և ես չեմ ցանկանում միջամտել»: Նա կոչ արեց սպասել քննության ավարտին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































