Մեծ Բրիտանիան և Լեհաստանը երբեք Ղրիմը Ռուսաստանի մաս չեն ճանաչի և պնդում են Մոսկվայի վրա ճնշումների ուժեղացման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի և Լեհաստանի արտգործնախարարներ Պավել Կլիմկինի և Վիտոլդ Վաշչիկովսկու հետ չորեքշաբթի օրը Կիևում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է ուկրաինական UNN տեղեկատվական գործակալությունը:
«Սա բրիտանա-լեհական առաջին դիվանագիտական առաքելությունն է Ուկրաինայում, և մենք ընդհանուր տեսակետ ունենք շատ հիմնահարցերում: Մենք երբեք չենք ընդունի Ղրիմի բռնազավթումը, ավելին, պետք է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումները: Մենք այստեղ ենք՝ օգնելու համար»,- ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ Ուկրաինան բավականին առաջընթաց է գրանցել ռեֆորմների հարցում, և կարևոր է դրա մասին պատմել աշխարհին:











































