Հայաստանում քաղաքացիների կողմից հաշվառման հասցեի փոփոխությունները կապված չեն միայն ընտրությունների հետ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին: «Քաղաքացիները իրենց հաշվառման վայրերը փոխում են տարբեր պատճառներով, և իրականում որևէ մեկը չի կարող նրանց արգելել անել դա, եթե մարդը սեփականության վկայականը ձեռքին ներկայացել է և ցանկություն է հայտնել փոխել հաշվառման վայրը»,- նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ-ում 7 հազար քաղաքացի փոխել է հաշվառման հասցեն՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ դա չի նշանակում, թե այդ մարդիկ իրենց հաշվառման հասցեն փոխել են ընտրություններին մասնակցելու համար: Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ 2012թ. ընթացքում ՀՀ-ում 7 հազար մարդ փոխել է հաշվառման հասցեն, 2013-ին՝ այդ թիվը գերազանցել է 5 հազարը և այդպես շարունակ:
Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ 7 հազար մարդու կողմից հաշվառման հասցեն փոխելը արտառոց երևույթ չէ:








































