Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան անդրադարձ է կատարել Ինդոնեզիայում «Չմիավորման շարժմանը» Ադրբեջանի անդամակցությանը.
«ԵՄ-ը վերլուծության է ենթարկում «Չմիավորման շարժմանը» Ադրբեջանի անդամակցությունը` պարզելու համար, թե ինչպես դա կարող է անդրադառնալ նրա եվրաինտեգրման վրա: Դա ինքնիշխան պետություն հանդիսացող Ադրբեջանի որոշումն է, և մենք հարգանքով ենք վերաբերվում դրան: Մեզ ժամանակ է պետք դրա բոլոր հետևանքները վերլուծության ենթարկելու համար»:
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ «Չմիավորման շարժմանը» Ադրբեջանի անդամակցությունը չի նշանակում, թե Ադրբեջանը փոփոխություններ է մտցնում իր արտաքին քաղաքականությունում.
«Մենք նախաձեռնել ենք եվրաինտեգրման գործընթացը և կշարունակենք այն: Սակայն դա չի նշանակում, թե մենք ցանկանում ենք անդամակցել ՆԱՏՕ-ին կամ մեկ այլ կազմակերպության: Ինտեգրումն իրենից չի ենթադրում անդամակցություն»:
Հիշեցնենք, որ «Չմիավորման շարժում» կազմակերպությունը ստեղծվել է 1961 թվականին, Բելգրադում: Դրա ստեղծման հիմնական նպատակն այն երկրների միավորումն էր, որոնք չէին ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան բլոկին: Այն ուներ 118 անդամ, սակայն Ադրբեջանի ու Ֆիջիի անդամակցության արդյունքում այդ ցուցանիշը կազմեց 120:









































