«Թյուրիմացություն է, չկա նման բան, և անգամ հարկ չեմ համարում դա մեկնաբանել»,- այսպես է արձագանքում Կոտայքի մարզից «Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթ Մանուկյանը՝ անդրադառանալով մամուլի այն հրապարակումներին, թե Կոտայքի մարզում նախընտրական կրքերը բորբոքվել են: Պատճառը Դավիթ Մանուկյանն է, ով ռեյտինգայինով առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից, խախտել է պայմանավորվածությունը, անցել սահմանը և քվե է խնդրում այլոց տիրույթներից։ Դավիթ Մանուկյանը նշեց, որ պարզ կխոսի նախընտրական քարոզարշավին, կներկայացնի իր ծրագրերը. «Այս պահին հստակ կարող եմ ասել, որ առաջադրվել եմ «Ծառուկյան» դաշինքով»:
Չի կարող գուշակել՝ արդյո՞ք թեժ պայքար կլինի թե՞ ոչ, բայց ասաց, որ երիտասարդ սերունդը պետք է քաղաքականությամբ զբաղվի: «Երիտասարդները պետք է առաջ գնան, զարգանան, ավելի պատասխանատու գործերի անցնեն: Ջահելներին պետք է աջակցել ամեն դեպքում»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ հրազդանցիներն են խնդրել իրեն՝ որդուն առաջադրել պատգամավոր: Նա նաև նշել էր, որ եթե որդին առաջադրվի, ապա միանշանակ կառաջադրվի ՀՀԿ ցուցակով: «Եթե պատգամավոր դառնա՝ միանշանակ կդառնա ՀՀԿ ցուցակով, ավելի ճիշտ՝ ոչ թե ցուցակով, այլ ռեյտինգային քվեարկությամբ: Ես 10 տարի եղել եմ պատգամավոր Հրազդանից՝ սկսած 1990թ-ից մինչև 2000թ-ը: Եվ միշտ կանգնած եմ եղել իմ ընտրողների կողքին: Ամռանը, երբ Երևանում էի, Հրազդանի տարբեր համայնքներից մարդիկ եկել, դիմում էին, մենք գիտենք, որ դուք դեսպան եք, չեք կարող առաջադրվել, եթե հնարավոր է՝ Դավիթն առաջադրվի պատգամավորության թեկնածու, քանի որ նրան շատ լավ են ճանաչում: Իհարկե, ես շատ կցանկանամ, բայց դեռ որոշում չի կայացվել, եթե կայացվի, իհարկե, իմ ցանկությունը այն կլինի, որ իմ որդին դառնա պատգամավոր»,- ասել էր Անդրանիկ Մանուկյանը:









































