Ոստիկանական գործողությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ քաղաքացիական հասարակության ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ եթե քաղաքական ուժերն են անցկացնում բողոքի ակցիաներ, դրանք հարվածում են իշխանությանը, իսկ քաղաքացիական ակտիվիստները երբևէ քաղաքական կառույց չեն կազմել, կուսակցություն չեն, և հարցադրում արեց՝ ի՞նչն է խնդիրը, որ այսօր խաղաղ ակցիաները ուղեկցվում են ոստիկանական բռնի ուժով:
Նրա խոսքով՝ սկսած Մաշտոցի պուրակի իրադարձություններից՝ ոստիկանները կանանց նկատմամբ ուժ են գործադրում և հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ. «Հետագայում բիրտ գործողություններ են իրականացվել «Հարսնաքար»-ի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այդ ժամանակ սեռական բնույթի գործողություններ սկսվեցին, դրան հաջորդեց Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցածը ակտիվիստների նկատմամբ»:
Զարուհի Հովհաննիսյանի հավաստմամբ՝ քաղաքացիները դարձել են իրավագետ, և այսուհետ իրենք միայնակ պայքարողներ չեն. «Մենք միասնական ենք, ոստիկանն այլևս չի կարող վախեցնել որևէ քաղաքացու»:









































