Յուրաքանչյուր ընտրություն հասարակության համար սեփական շահերին, արժեքներին և ակնկալիքներին համապատասխան գործիչներին իշխանությամբ լիազորելու հնարավորություն է: Մի կողմ թողնելով ակնկալիքների և իրականության միջև առկա մեծ անջրպետը` նկատենք, որ հաճախ պետական պաշտոն զբաղեցնողների մասնագիտական և անձնական հատկանիշներն արժանանում են հանրային լայն շրջանակների սուր քննադատությանը: Ակնհայտ է, որ անվերջ կարելի է թվարկել մասնագիտական և անձնական-բարոյական հատկանիշների մի մեծ համախումբ, որին կրելը պարտադիր է ժողովրդի յուրաքանչյուր ընտրյալի համար: Միտումնավոր շրջանցելով դիլետանտներին արհեստավարժ պետական գործիչներից տարորոշելու մասնագիտական չափորոշիչները` հակիրճ ներկայացնենք, թե ընդհանուր առմամբ ինչպիսին չպետք է լինի պետական գործիչը.
Պետական-քաղաքական գործիչը չպետք է լինի անսկզբունքային և անհետևողական: Յուրաքանչյուր երկրում էլ տեղի է ունենում իշխանափոխություն, ընդդիմության և իշխանության դերերի փոփոխություն: Սակայն հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ դերերի փոփոխության հետ փոխվում են նաև կայուն թվացող համոզմունքներն ու սկզբունքները: Դժվար չէ հայ քաղաքական իրականությունում գտնել նախկինում ընդդիմադիր, վարչակարգը որպես «բռնապետական», իսկ պետության առաջին դեմքերին որպես «դավաճան» որակող գործիչներ, ովքեր իրենց կարգավիճակի փոփոխության հետ լիովին փոխում են իրենց «համոզմունքները»: Նախկինում «դավաճան» ընկալվողները դառնում են «փրկիչներ», ովքեր ջանք չեն խնայում երկրի կայուն ու անցնցում զարգացման համար: Անշուշտ, իշխանական և ընդդիմադիր ճամբարներում գտնվելը մեծապես ազդում է ցանկացած գործչի հռետորաբանության վրա: Այդ իսկ պատճառով կարիք չկա ներկայանալ որպես ռեժիմի կամ ինչ-որ մեկի սկզբունքային հակառակորդ` կարգավիճակի փոփոխման հետ անսկզբունքային և անհետևողական գործչի պիտակներից խուսափելու համար: Անսկզբունքայնության մեղադրանքներից չեն կարող խուսափել բոլոր այն գործիչները, որոնց` պետության համար կարևոր հարցերի վերաբերյալ համոզմունքներն ու սկզբունքները կարող են իրենց կարգավիճակի փոփոխման հետ էապես փոխվել:
Պետական գործիչը չպետք է լինի փակ և անհասանելի: Նախընտրական շրջանում իրենց կյանքը հանուն ընտրողների «զոհելու» պատրաստ գործիչների զգալի մասը ընտրություններից կարճ ժամանակ անց «անհետանում» է և միայն հաջորդ ընտրությունների նախաշեմին հիշում իր ընտրողներին: Ցանկացած ընտրովի գործչի համար խիստ կարևոր է մշտապես հասանելի (հեռախոսով, էլեկտրոնային հասցեով, սոցիալական մեդիայով, կենդանի շփմամբ հաղորդակցվելու համար) լինել իր ընտրազանգվածի համար, պարբերաբար հաղորդակցվել նրանց հետ և համարժեքորեն արձագանքել վերջիններիս պահանջներին ու ակնկալիքներին: Հայաստանյան բարձրաստիճան պետական գործիչների զգալի մասը որպես «փակ» և անհասանելի է թվում, որոնց հազվադեպ է հնարավոր նկատել «արքունիքից» դուրս, օրինակ, սովորական քաղաքացիների շրջանում ընտանիքով զբոսնելիս: Լայնորեն տարածված չեն նաև սոցիալական մեդիայի գործիքարանի կիրառմամբ հանրային լայն շրջանակների հետ հաղորդակցությունները: Առավել հաճախ հանդիպում են շքեղ մեքենաների շարասյունով, թիկնապահների ուղեկցությամբ ինչ-որ տեղ «շտապող» գործիչներ, ովքեր հավանաբար անհարիր են համարում շարքային քաղաքացիների մակարդակին «իջնելը»:
Նշյալ խնդրի հետ սերտորեն փոխկապված է պետական գործիչների համար անհարիր` նրանց գոռոզամտությունն ու ցածր էթիկան: Սա դրսևորվում է ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ, մասնավորապես, լրագրողների հետ հաղորդակցության ընթացքում: Անհարգալից վերաբերմունքը, վերբալ ագրեսիան և վիրավորանքները մի կողմից գոռոզամտության, իսկ մյուս կողմից` հաղորդակցության ցածր էթիկայի խոսուն ցուցիչներ են: Քիչ չեն պետական գործիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ կատարվարած քննադատությունների նկատմամբ խիստ անհանդուրժողական արձագանքները, մարդկանց հիմնախնդիրներից չտարանջատելու ու վերջիններս միջանձնային հարաբերությունների հարթություն տեղափոխելու դեպքերը: Մինչդեռ պետական գործիչը, անկախ հանգամանքներից ու սեփական հույզերից, պետք է կարողանա պահպանել հավասարակշռությունն ու հավատարմություն ցուցաբերել էթիկայի տարրական նորմերին: Հակառակ դեպքում անխուսափելի են սկանդալային իրավիճակներն ու անցանկալի որակումները, և, որ ամենացավալին է, պետական գործչի տեսակի վարկաբեկումը:
Քաղաքական գիտությունների թեկնածու` Արամ Թերզյան








































