Հանրագիտարանային ճշմարտություն է, որ պետության հիմնական նպատակը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելն է: Անընդհատ նորացվող, բայց ըստ էության բազմադարյա այս ձևակերպումը ի վերջո արդիական է բոլոր ժամանակներում, որովհետև քաղաքացու բարեկեցությունն ու անվտանգությունը այն հիմքն են, որոնց հենվում է պետականությունը` լինի դա սոցիալիստական, ժողովրդավարական պետություն, թե` միապետություն: Ու եթե որևէ պետություն իր հիմնական նպատակը չի համարում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունն (ընդ որում` խոսքը ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության մասին է. ժողովրդավարական երկրներում անվտանգության բաղադրիչ է համարվում նաև մարդու իրավունքների ամբողջությունը) ապահովելը, նշանակում է` գործի է դրել ինքնաոչնչացման ծրագիր:
Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում ՀՀ քաղաքացիները մեր պետությունը երբեք չեն ընկալել որպես իրենց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված մեխանիզմ: և պատահական չէ, որ Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասն իր և իր երեխաների ապագան չի վստահում Հայաստանի Հանրապետությանը, և բարեկեցության ու անվտանգության ավելի վստահելի ճանապարհ է համարում արտագաղթը: Բայց, այնուամենայնիվ, քանի դեռ գոյություն ունի պետությունը, նրա ներսում միշտ էլ դրված են լինում ինքնապահպանության մեխանիզմներ, և այդ մեխանիզմներից գլխավորը քաղաքացիների դժգոհությունն է անընդհատ շարունակվող անկումային իրավիճակից, և քաղաքական ուժերի խնդիրն է` այդ ռեսուրսն օգտագործել հանուն պետության անվտանգության: Իմիջիայլոց, թյուր է այն կարծիքը, թե քաղաքացիների դժգոհությունը գործելու ռեսուրս է միայն ընդդիմության համար:
Ընդհակառակը, իրեն հարգող իշխանությունը կարող է շատ ավելի ակտիվորեն սնվել ժողովրդական դժգոհությունից և դրանից համապատասխան հետևություն անել: Ի վերջո, ինչու է ժողովուրդը դժգոհ Սերժ Սարգսյանի իշխանությունից: Շատ պարզ մի պատճառով. Սերժ Սարգսյանի վարչակազմը, որպես պետության կառավարիչ չի կարողացել պետությունն իրապես դնել իր բուն ֆունկցիայի մեջ և կիրառել որպես քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովման մեխանիզմ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհելու տասնյակ պատճառներ բերել, և այդ պատճառների հանրագումարը կարող է հասնել միլիոնների: Սակայն դրանցից յուրաքանչյուրն անպայմանորեն առնչվում է անվտանգության և բարեկեցության ոլորտին, էլ չենք ասում, որ այդ ոլորտներն ըստ էության սերտաճած են:
Թող Սարգսյանի ամենամոլի թշնամիները ձեռքները դնեն սրտներին և պատասխանեն հետևյալ հարցին` մի՞թե պատրաստ են իրենք պահանջել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը, եթե տեսնեն, որ այս նախագահն ամեն ինչ անում է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար, կամ առնվազն` համապատասխան իրագործելի ծրագիր ունի: Նման պայմանների առկայության պարագայում Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջելն առնվազն խելագարություն կլինի, որովհետև ոչ ոք չի պայքարի ընդդեմ սեփական անվտանգության և բարեկեցության: Մյուս կողմից` չպետք է բացառել, որ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովման ուղղությամբ ռեալ քայլեր անելու դեպքում մարդիկ չնկատելու կտան իր լեգիտիմությունն ու էլի ինչ-որ բաներ: Այլ խնդիր է, սակայն, որ հանրային բարեկեցության ու անվտանգության հարցեր լուծելու համար նա պետք է ընդհարվի այն ուժերի հետ, որոնք շրջապատում են իրեն, այսինքն` այն ուժերի հետ, որոնց հենված է ինքը: Հենց այստեղ են ի հայտ գալիս լեգիտիմության, կոռուպցիայի, կլանային համակարգի գործոնները:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































