Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ, Ստամբուլի 2-րդ անչափահասների դատարանում կայացել է հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 4-րդ դատալսումը:
Դատալսման ժամանակ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը սկսել է մեղադրել թուրքական լրատվամիջոցներին և մասնավորապես Hürriyet և Vatan թերթերին:
Իր երեք էջանոց մեղադրականում Սամասթը նշել է, որ հիմնական մեղավորներն այդ թերթերի ղեկավարներն են, որոնք իրենց թերթերում շարունակ հրապարակում են հայերին առնչվող «հայրենքի դավաճան», «անամոթ հայեր» և նմանատիպ այլ խորագրերով նյութեր.
«Ո՞ւր են նրանք, ինչո՞ւ դատարանի առջև չեն կանգնում, ինչո՞ւ են այդպիսի նյութեր տպագրել, ումի°ց են այդպիսի հրահանգ ստացել»:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին էլ Սամասթն իր 5 էջանոց մեղադրականում նշել էր. «Ես ընդհանրապես պատմություն «չգիտեի», «չգիտեի», թե «Ակօս»-ն ինչ է, Հրանտ Դինքն ով է, հայերն ովքեր են: Ես միջնակարգ դպրոցն ավարտած մի երիտասարդ էի:
Ես «մեղավոր» չեմ, մեղավորը Դինքին ազգի դավաճան հռչակած հրապարակումներն են: Մի՞թե ես եմ Դինքին, Փամուքին պետական դավաճան ճանաչող հաղորդումների ու հոդվածների հեղինակը»:








































