Սիրիայում տիրող իրավիճակն այսօր քննարկվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Լլոյդ Օսթինի և դաշնակցային գլխավոր շտաբների հրամանատարների հանդիպմանը, որը տեղի է ունենում Հորդանանի մայրաքաղաք Ամանում: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ներկայացուցիչները:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմական գերատեսչություններն ընդգծել էին, որ խորհրդակցությունը կապված չէ Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման հետ:
«Սա արդեն այս տեսակի երրորդ հանդիպումն է: Ներկայիս խորհրդակցությունը ծրագրվել էր դեռևս հունիսին»,- ասել է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի ներկայացուցիչը և հավելել, որ հանդիպմանը քննարկվելու են Սիրիայում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամի սրացումը կանխելու միջոցները:








































