Վանաձորում ազատամարտիկների նստացույցը երեկ ավարտվեց: Ստորագրահավաքին միացան նաև կին ազատամարտիկները, ովքեր չունեն բնակարաններ, ապրում են սոցիալապես անապահով պայմաններում, պատերազմին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերի բացակայության պատճառով չեն ստանում նույնիսկ զինվորական թոշակ:
Հայրենիքի համար պատերազմ գնացած և առաջին գծում կռված կանայք այսօր անտեսված են պետության ու հրամանատարության կողմից, զրկված «հարգանքով, արժանապատիվ, մարդկայնորեն» ապրելու հնարավորությունից:
Ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Մարգարիտա Խաչատրյանին 13 հազար դրամ հիվանդության թոշակը նույնիսկ անհրաժեշտ դեղորայքի համար չի բավականացնում:
«Ծառայել եմ կապի վրա, հետո եղել եմ առաջին գծում, ուզում եմ զինվորական տոմսս վերականգնեմ, ստանամ պատերազմի վետերանի ստատուս: Քանի անգամ դիմել եմ զինկոմներին, ասել են` չկան փաստաթղթերդ, 50-դ անց ա, ոչ մի բանով չենք կարա օգնենք: Բայց ինչի՞, ես դա վաստակել եմ առաջին գծում: Մարդիկ կային, որ իրանց գլուխը պահում էին իրանց կանանց ներքնաշորերի տակ, իսկ ես առաջին գիծ զենքը ձեռիս կռվել եմ»,- ասում է տիկին Մարգարիտան: Նա նաև բարձրաձայնում է ոչ արդարացի պարգևատրումների մասին` նշելով, որ ազատամարտիկների փոխարեն շքանշանները տրվում են պատերազմին չմասնակցած անձանց. «Շքանշանների հարցով խնդրում եմ` ով անընդհատ ստանում ա, մենակ նա չստանա: Էն մարդիկ, ով առաջին գծում կռվել են, քանի մարդ կարամ ասեմ մեր տղաներից ու աղջիկներից, որ արանքին կորում են, ով որ չի մասնակցել, նրանք են շատ ստանում»:
Ղարաբաղի պատերազմում որպես բուժքույր մասնակցած և Մարտունու շրջանում վիրավորված Աղավնի Փանոյանն էլ անտեսվածությունից է խոսում ու բարոյական հարցադրումներ անում: «20 տարի սպասել ենք, որ երկիրը առաջ գնա, մանուկը ոտքի կանգնի, բայց ոտքի կանգնող մանուկը մեզ մոռանում ա, շատ ահավոր բան ա: Երբեք չեմ մոռանա մայրիկիս ասածը, որ հացի հերթերում, ասում ա, ժողովուրդը հետ էին կանգնում, որ իրան տեղ տան, ինքը հաց վերցնի: Բայց այսօրվա օրը մեր կայացած պետությունը մեզ տեղ չի տալիս՝ ապրելու հարգանքով, արժանապատիվ, մարդկայնորեն, որ մենք մեզ լավ զգանք: Կուզենայի, որ ընդհանրապես (էդ տոներին, բաներին) հարգանք ըլներ, հարգվածություն: Մի ժամանակ` էն նոր ժամանակները, երեխաներիս հետ էս կազմակերպություններից հետ մարտի 8-ին, ապրիլի 7-ին բոլոր ժամանակ դուռը տալիս էին, ծաղիկներ էին տալիս: Հիմի անգամ էդ մոռացությունն ա մարդկային: Չենք հիշվում, ժամանակի հետ չենք հիշվում: Հայրենական պատերազմի ժամանակ ծառայած կանանց ոնց էին հարգում, ոնց էին պատիվ տալիս, մի ուրիշ ձև: Բայց նրանք մեզնից լավը չէին, մեզ պես մարդիկ էին: Մեզ պետք ա պետականորեն ունենալ էդ արժանապատվության զգացումը»,- ասում է տիկին Աղավնին:











































