Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը անհեթեթություն է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հանրապետությունում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ՝ հաղորդում է «Իզվեստիա» թերթը:
«ԱՄՆ-ի քաղաքական գործիչների կողմից, Արևմուտքում և այլ երկրներում արված հայտարարություններն անարգում են ողջամտությունը և անտեսում իրենց ժողովուրդների հասարակական կարծիքը: Դա անհեթեթություն է. նախ ներկայացվում է մեղադրանք, իսկ հետո հավաքվում է ապացույց: Եվ դրանով զբաղվում է հզորագույն երկիր ԱՄՆ-ը»,- ասել է Ալ-Ասադը:
Նախագահը նշել է, որ քիմիական զենքի ենթադրյալ կիրառման շրջանում բանակի և գրոհայինների միջև ճակատի հստակ գիծ չկա: Այդ պատճառով չի կարելի կիրառել ո՛չ քիմիական, ո՛չ զանգվածային ոչնչացման մեկ այլ զենք, քանի որ այդտեղ կենտրոնացված են նաև պետական զորքերը:
«Նման տեսակի մեղադրանքները բացառապես քաղաքական են, դրանց համար պատճառ են հանդիսացել կառավարական զորքերի հաղթանակը ահաբեկիչների նկատմամբ»,- հայտարարել է Ալ-Ասադը:
Սիրիայի նախագահը հիշեցրել է, որ հենց իր երկիրն է առաջինը պահանջել, որ միջազգային հանձնաժողով ժամանի՝ այն բանից հետո, երբ ահաբեկիչները թունավոր գազով հրթիռ արձակեցին Հալեպի վրա: Նրա խոսքերով՝ այդ դիրքորոշումը համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ, և Սիրիայում ցանկանում էին, որպեսզի ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հստակ փաստերի հիման վրա համոզվեին, որ ոչ թե կառավարական ուժերը, այլ ահաբեկիչներն են կիրառում քիմիական զենք:







































