Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարծում է, որ ԱՄՆ-ին ձախողում է սպասվում Սիրիային հարվածելու դեպքում:
«Սիրիայում ռազմական միջամտության հարցը բարձրացվում է ոչ առաջին անգամ: Ճգնաժամի հենց սկզբից ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան փորձեցին ռազմական ներխուժում իրականացնել, սակայն ի դժբախտություն նրանց՝ գործն այլ շրջադարձ ունեցավ»,- ասել է Ալ-Ասադը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Սիրիայի նախագահը կարծում է, որ Թունիսի և Եգիպտոսի սցենարով «արաբական հեղափոխությունը» Սիրիայում անհնարին է, քանի որ հանրապետությունում իրավիճակն այլ է:
«Սիրիայում տեղի ունեցողը ժողովրդական հեղափոխություն և բարեփոխումների պահանջ չէ: Դա ահաբեկչություն է»,- ասել է Ալ-Ասադը:
Նախագահի կարծիքով՝ հենց այդ պատճառով ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն կարող իրենց ժողովուրդներին և ամբողջ աշխարհին համոզել, որ Մերձավոր Արևելքում իրենց իրականացրած քաղաքականությունը խելամիտ է և օգտակար, իսկ ԱՄՆ-ի վարած շատ պատերազմներ չեն կարողացել հասնել իրենց քաղաքական նպատակներին:
«ԱՄՆ-ին սպասվում է ձախողում, ինչպես նրա վարած բոլոր նախկին պատերազմներում՝ սկսած Վիետնամից մինչև մեր օրերը»,- հայտարարել է Ալ-Ասադը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ-ներում հայտնվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ երկրի զինված ուժերը Սիրիայում կարող են իրագործել ռազմական սցենար, եթե նախագահ Բարաք Օբաման նման հրաման արձակի: Ավելի վաղ Օբաման դեմ էր արտահայտվել Սիրիայում ռազմական միջամտությանը առանց ՄԱԿ-ի մանդատի՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ԱՄՆ-ը չի կարծում, թե Ալ-Ասադը կհամագործակցի համաշխարհային հանրության հետ, ինչի կապակցությամբ իր երկիրը կփորձի տապալել սիրիացի առաջնորդին:






































