Ներքաղաքական համակարգային ճգնաժամը Հայաստանում նորանոր հետաքրքիր դրսևորումներ է ստանում: Դրանցից ամենահետաքրքիրը, սակայն, իշխանական ուղղահայացի շարունակվող փլուզումն է:
Ընդ որում, սա մի փլուզում է, որ տեղի է ունենում առանց կողմնակի միջամտության: Ասել է թե` եթե մենք սովոր ենք տեսնել իշխանության այնպիսի փլուզում, որը արդյունք է ընդդիմության կամ որոշակի այլ ուժերի հասցրած հարվածների, տվյալ դեպքում հայաստանյան իշխանական ուղղահայացի փլուզումը ոչ միայն ցածր «սեյսմակայունության», այլև քայքայվածության արդյունք է:
Շատ ավելի վաղ սկսված այդ պրոցեսի ամենացայտուն դրսևորումը մենք տեսանք վերջին 5 տարիների ընթացքում: Եվ եթե ավելի ակադեմիական լեզվով սահմանելու լինենք, կարող ենք արձանագրել, որ դա մի պրոցես է, որի արդյունքում իշխանության ֆորմալ մարմինները դե ֆակտո կորցնում են իրենց նշանակությունը, և նրանց գոյությունը մնում է միայն որպես իրավական կատեգորիա:
Ու այսօր արդեն կարող ենք ասել, որ իշխանության չորս հիմնական կրողներից գոնե երեքը այլևս դուրս են մնացել խաղից և, ըստ էության, գոյություն չունեն: Խոսքը նախևառաջ ժողովրդի մասին է, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, հանդիսանում է իշխանության բարձրագույն կրողը:
Իհարկե, Սերժ Սարգսյանի վարչակազմն արդեն 5 տարի հետևողականորեն փորձում է լուծել այս խնդիրը, սակայն լուծելու առարկայացումը, ի վերջո, արձանագրվեց 20013 թ. Երևանի ավագանու ընտրություններում, երբ ոչ միայն կոնկրետ մարդու կոնկրետ պաշտոնի «դնելու» խնդիր էր լուծվում:
Պետական իշխանության հաջորդ թևը՝ դատականը նույնպես վերջին տարիներին վերջնականորեն ապացուցեց իր չգոյությունը: ՀՀ դատարաններում դատավորներն այլևս ոչինչ, բացարձակապես ոչինչ չեն որոշում, ինչը նշանակում է, որ դատական համակարգը երկրում ամբողջությամբ է ոչնչացված:
Գրեթե ամեն քառօրյային էլ մենք վկան ենք, թե ինչպես են ԱԺ անկենդան դահլիճում կայանում մեր պետության կենսագործունեության համար կարևոր օրենքների քննարկումները: Սա վաղուց արդեն նշանակում է, որ խորհրդարանը նույնպես դե ֆակտո կորցրել է իր նշանակությունը՝ վերածվելով ընդամենը ցուցանակի:
Իհարկե, նույնիսկ 10-15 տարի առաջ բոլորս մտածում էինք, որ այսպես երկար շարունակվել չի կարող, ու նույն զգացողությունն ենք ունենում նաև ամեն Աստծո օր: Բայց քանի որ այս կարգի զգացողություններն ապացուցել են իրենց անկենսունակությունը, պետք է ենթադրել, որ պրոցեսն ունենալու է իր շարունակությունը: Եթե փորձենք պատկերացնել այդ շարունակությունը, ապա կոալիցիոն հուշագրի թարմացված տարբերակի ստորագրումից հետո պետք է արձանագրենք, որ ոչնչացման հաջորդ օբյեկտը գործադիր իշխանությունն է:
Այս պրոցեսը շարունակաբար իջնելու է ներքև, և օլիգարխները արդեն իսկ բացահայտորեն որոշակի արեալում իրենց հայտարարելու են բացարձակ իշխանություն: Այնտեղ, որտեղ չկան ձևավորված օլիգարխներ, պայքարը ընթանալու է միլպետների, ԱԱԾ տարածքային պետերի, կրիմինալի և փողատերերի միջև, ու չի բացառվում, որ այս ֆոնին տեղի ունենան քրեական «հաշիվմաքրոցիներ», որոնց արդյունքում կհաղթի ուժեղագույնը:
Այս ընթացքում, իհարկե, ներքաղաքական կայունությունը և պետական իշխանության ֆուտլյարը կպահպանվի: Ասել է թե՝ իշխանության սույն փլուզումը ամենևին էլ չի նշանակում իշխանափոխություն: Իշխանությունը մնալու է նույնը, այն տարբերությամբ, որ իրականում չի կատարելու իր ունեցած պարտականությունները և օգտվելու է միայն իրավունքից: Իշխանության վերին և ներքին օղակները, տեղական իշխանիկներն ու հանրապետական իշխանները իրար հետ կապված են լինելու «նալոգների» համակարգով:
Մենք, իհարկե, չենք հավատում, որ Հայաստանը կարող է այսքան անհուսալիորեն ընկնել: Բայց ժամանակին մենք նաև ծիծաղում էինք Իլհամ Ալիևին նախագահ դարձնելու հայր Ալիևի փութաջանության վրա ու չէինք հավատում, որ մեզ մոտ էլ է նման բան հնարավոր: Պարզվեց` հնարավոր է: Չէինք հավատում նաև, որ երկրի վարչապետը մի օր կգնա գյուղ և կթվորուհիներին փութաջանորեն կսովորեցնի կով կթելու բոլոր մանրամասները: Պարզվեց՝ հնարավոր է:
Իհարկե, այս իրավիճակի կամ գոնե դրա մեկ երրորդի գիտակցումը ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է դարձնում փոփոխությունների անհրաժեշտությունը: Սակայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումը դեռևս չի նշանակում փոփոխություն: Սերժ Սարգսյանը ֆենոմենալ կերպով է լուծել փոփոխության համընդհանուր ցանկությունը զսպելու, այսինքն` դրանք գործողությունների վերածելը արգելելու խնդիրը: Իր գործունեությամբ նա բոլորիս ցույց է տվել, որ ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել, և հետո այնպես է արել, որ երկրում բոլորը ունենան կորցնելու ինչ-որ բան: Այս գիտակցումը մարդկանց ստիպում է շատ ավելի զգուշավոր լինել որևէ կոնկրետ քայլ ձեռնարկելուց առաջ:
Մեծ հաշվով, մենք՝ բոլորս, գիտակցում ենք փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց մեզնից յուրաքանչյուրը չի ուզում լինել «էշ նահատակ», ու այս գիտակցումը, թերևս, իրականում այն բազան է, որի վրա հիմնված է մեր ազգային միասնությունը: Ու այս բանաձևը միավորում է բոլորին` երկրի քաղաքական «իսթաբլիշմենթին» մինչև ամենավերջին չքավորը, որը հոգու խորքում վախենում է կորցնել իր միակ ձուածան հավին, որ կարող է սովից սատկել, եթե ինքը մի քանի տարով ազատազրկման ենթարկվի:
Եվ ինչպես չքավորի համար իր հավը, նույնպես և մեզ համար թանկ են մեր թանկարժեք Iphone5-ը կամ Galaxy S4 և կամ մեր ավտոմեքենան, համակարգիչն ու գրասենյակը, ամեն օր աշխատանքի գնալու և աշխատանք ունենալու հնարավորությունը:
«Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ իմ հեռախոսն ու ինքնաշարժը չէ այն զոհը, որ անհրաժեշտ է լինելու հեղափոխության համար»,- մտածում է մեզնից յուրաքանչյուրը, և իշխանությունն էլ խորամանկորեն մեր ձեռքից չի վերցնում ո՛չ ինքնաշարժը, ո՛չ հեռախոսը, որովհետև վախենում է, որ եթե մեր հեռախոսը վերցնի, մենք էլ կջղայնանանք, ու իր պաշտոնը կվերցնենք: Մենք էլ մտածում ենք, քանի դեռ իշխանությունը չի վերցրել մեր հեռախոսն ու ավտոմեքենան, հանգիստ մնանք, որովհետև եթե նրա իշխանությունը վերցնելու կոնկրետ քայլ անենք, նա կարող է ավելի ջղայնանալ ու փակել մեր գրասենյակը, վերցնել մեր մեքենան, հեռախոսը, սպանել մեզ կամ էլ սատկացնել մեր միակ ձուածան հավին:
Սա է պատճառը, որ մենք՝ բոլորս, միասնաբար նայում ենք Պուտինին ու Օբամային, յուրաքանչյուրս՝ մեր տեսակետից: Սրանց հետ հույսեր են կապում բոլորը, ընդդիմությունն ու իշխանությունը՝ ովքեր ունեն իշխանությունը փոխելու և այն ամեն գնով պահպանելու թաքուն կամ բացահայտ ամբիցիաներ: Նաև վարչապետական, նախարարական, նոբելյան և ուղղակի լավ և արժանապատիվ ապրելու ամբիցիաներ: Մենք՝ բոլորս, սակայն, երազելով ժողովրդավարական փոփոխությունների մասին, մոռանում ենք, որ ժողովրդավարական բառի արմատը ժողովուրդն է (մենք` բոլորս), և ոչ թե Պուտինն ու Օբաման: Մոռանում ենք նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հայտնի խոսքերը. «Եթե ժողովուրդները չեն ուզում դեմոկրատիայի պայմաններում ապրել, մենք չենք կարող նրանց ստիպել»:
Օբամայի կոնցեպցիան սրանից տարբերվում է, բայց շատ քիչ է տարբերվում:









































