«Հրապարակ»-ը հաղորդում է. «ԲՀԿ երիտասարդական հարցերի հանձնաժողովը` Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, միջհամալսարանական ուսանողների ինտելեկտուալ մրցույթ է հայտարարել և դրան մասնակցելու հրավերներ ուղարկել մի շարք համալսարանների, այդ թվում և մասնավոր բուհերի:
Մրցույթի նպատակն է բացահայտել ինտելեկտուալ բարձր կարողություններ ունեցող ուսանողներին, որոնցից 30-ը պետք է արժանանան դրամական պարգևների: Թերթի տեղեկություններով, տեղեկանալով մրցույթի մասին և ստանալով հրավերը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ ցանկություն են հայտնել մասնակցելու և իրենց ուսխորհրդից հետաքրքրվել են, թե ինչպես պետք է դիմեն: «Այստեղից պատասխանել են, թե իրենք չեն կարող մասնակցել այդ մրցույթին: Պատճա՞ռը:
Պատճառն այն է, որ Մանկավարժական համալսարանը վայելում է հանրապետականների հովանավորությունը, իսկ համալսարանի ուսխորհրդի նախագահն ու փոխնախագահը ՀՀԿ-ականներ են»: «Փաստորեն, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը հասել է մինչև բուհական համակարգ: Սա բուհերը կուսակցականացնելու անմիջական հետևանքն է: Երբ բուհերի խորհուրդների նախագահներն ու ռեկտորները կոնկրետ կուսակցության ներկայացուցիչներ են և նրանց շահերն են ներկայացնում, ուսանողական մրցույթն էլ է դառնում կուսակցական խաղ»,- գրված է հաղորդագրության վերջում: