Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործը դեռ քննության փուլում է: Այն, որ սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանին հոգեբուժարան են տարել, սպանվածի հոր կարծիքով, բոլորովին էլ ստուգման նպատակով չէ:
«Հիմիկվանից թղթերը սարքում են, որ հոգեկան հիվանդ սարքեն ու դրանով վերջացնեն: Լյուքսն էլ գնաց կորավ, էդքան բան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ արդեն 4,5 ամիս է անցել, բայց դեռ չեն բացահայտել գործը, մինչդեռ խոստացել էին, որ երկու ամիս հետո ամբողջությամբ բացահայտված կլինի: Ըստ Իշխան Ստեփանյանի՝ ամեն օր կանչում են, ասում են՝ արի ծանոթացիր հետաքննությանը, բայց ոչ մի արդար բան չկա: Նա իր դժգոհությունը հայտնեց կառավարությունից:
«Այսօրվա դրությամբ գործը քնացրել են, գյուղապետն է հարցերը լուծում, ինչի՞ համար եք գյուղապետին զանգում, թե Իշխանին ասեք` գնա փող ստանա, փող ենք ուղարկել, թքած էդ փողի վրա: Հլը թող գան տեսնեմ՝ ինչ փող է, հլը սկզբում իմ երեխայի դատն անեն, նոր փողի մասին խոսեն, ի՞նչ փող է դա, ինչի ես իմ երեխային ուղարկել եմ, որ փողով թաղե՞մ»,- ասաց սպանված զինծառայողի հայրը:
Լյուքս Ստեփանյանի հայրը չի ընդունել գերեզմանաքարի համար ՊՆ-ի փոխանցած գումարը: «Գյուղապետը զանգել է, թե փող կա, գնա ստացի, ես էլ ասացի՝ ես փող չունեմ ստանալու, ես տղայիս քեզ չեմ տվել, ես զինվորական ոստիկանությանն եմ տվել, նախարարին եմ տվել, Սերժ Սարգսյանին եմ տվել, բայց Սերժ Սարգսյանը մի օր չցավակցեց ինձ իմ երեխու համար: Ինքը կարող է ազատ գնալ հանգստանալ այլ երկրներում, բա մենք էլ մեղք չե՞նք, տղայիս տվեցի, տարան սպանեցին բերեցին»,- հուզված ու լացակումած ասաց Իշխան Ստեփանյանը:










































