Արգենտինայի իշխանությունները արգելել են բրիտանական չորս նավթային ընկերությունների գործունեությունը երկրի տարածքում: Պատճառն այն է, որ այդ ընկերությունները Ֆոլկլենդյան կղզիների մոտակայքում մասնակցել են նավթահանքերի որոնման աշխատանքներին:
Ցուցակի մեջ հայտնվել են Borders and Southern Petroleum PLC-ը, Desire Petroleum PLC-ը, Argos Resources Ltd-ը և Falkland Oil-ը: Այս ընկերությունները, ինչպես համարում են Բուենոս-Այրեսում, ապօրինի են զբաղվել նավթահանքերի որոնման աշխատանքներով: Բուենոս-Այրեսը Ֆոլկլենդյան կղզիները Արգենտինայի սեփականությունն է համարում և նույնիսկ այն վերանվանել է Մալվինյան:
Հիշեցնենք, որ մարտին անցկացված հանրաքվեի ընթացքում կղզու բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել բրիտանական տիրապետության տակ մնալուն:











































