«Երեկ, ուշ երեկոյան զանգահարեցին Սայաթ-Նովա 12 և մոտակա շենքերի բնակիչները՝ խնդրելով հրապարակել, որ իրենց պայքարը, բակում կառուցվելիք շինության հետ կապված, նոր փուլ է մտել»,- այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հիշեցնում, որ «Լևոն թրավելի» շենքի բակում «Լարկո գրուպը» պատրաստվում է կառուցել 5 հարկանի շինություն, ինչի դեմ բողոքում են բնակիչները:
Նրանք հասել էին շինարարության կասեցմանը: Իսկ պայքարի այս փուլն առանձնահատուկ է նրանով, որ գործին ներգրավվել է ոստիկանությունը: Նախօրեին բնակիչներից 76-ամյա մի կնոջ տարել են ոստիկանություն և 6 ժամ պահել, որից հետո նրա առողջական վիճակը վատացել է: Իսկ երեկ ոստիկանությունն սկսել է խուզարկություններ անել պայքարող ակտիվիստների բնակարաններում:
Կենտրոնի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Մուշեղյանը, դատարանի որոշմամբ, գնացել է խուզարկություններ անելու: Պարզվում է՝ կառուցապատողը դիմել է ոստիկանություն և հայտարարել, որ իր փաստաթղթերը կորել են կամ գողացվել, և դրա հիման վրա քրեական գործ են հարուցել: Դատարանն էլ խուզարկության սանկցիաներ է տվել: Եթե քրեաիրավական մեթոդները մինչ օրս կիրառվում էին քաղաքական դեմքերի, հիմա արդեն սկսել են կիրառվել իրենց իրավունքները պաշտպանել փորձող շարքային քաղաքացիների նկատմամբ:









































