Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին կքննի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշումը։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է դատարանի մամուլի քարտուղարը։
Տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 7-ին ժամը 10.00-ին Գերագույն դատարանը փակ դատական նիստում կքննի Մինսկի քաղաքային դատարանի վճռի օրինական լինելը, որը Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշում էր կայացրել։
Հունվարի 17-ին Բելառուսի գլխավոր դատախազությունը բավարարել է Լապշինին արտահանձնելու հայցը, որը ներկայացրել էր Ադրբեջանը։
Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Լապշինը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, իսկ ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:









































