Համաներում հայտարարելով, Սերժ Սարգսյանը փաստորեն թերթում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման ևս մի էջ` քաղբանտարկյալների էջը: Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ինքը դեռ շարունակում է կառավարել Ռոբերտ Քոչարյանի թողած «գրքով»:
Սակայն այն, որ թերթվում են նման կարևոր «էջեր», հիմք է տալիս ենթադրելու, որ Սերժ Սարգսյանն առնվազն իրեն ի զորու է համարում գոնե յուրովի մեկնաբանել Քոչարյանի թողած գիրքը, չվախենալով, որ կառավարող համակարգն իրեն կկասկածի այսպես ասած հերետիկոսության մեջ: Այսինքն, համաներման հայտարարումը երևի թե վկայում է Սերժ Սարգսյանի իշխանական դիրքերի ամրացման մասին, եթե նույնիսկ նա այդ քայլին է գնացել կամ հասարակական-ընդդիմադիր, կամ էլ միջազգային հանրության ճնշման տակ: Թեև չի բացառվում իհարկե, որ ասենք միջազգային հանրությունը նրան երաշխիքներ է տվել, որ կպաշտպանի հավանական դիմադրությունից և ներիշխանական հնարավոր խնդիրներից, որոնք կարող էին առաջանալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում, ի դեմս Քոչարյանի դժգոհության:
Իսկ ինչո՞ւ պետք է դժգոհեր Քոչարյանը: Խնդիրն այստեղ միայն նրա անձնական վերաբերմունքը չէ: Դա իհարկե առկա է և նա այն թերևս չի էլ թաքցրել: Հիշարժան են նրա այն հայտարարությունները, թե եթե ինքը մնար նախագահ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մարտի 1-ից հետո բանտում կլիներ, կամ այն, որ դատարաններում կներկայացվեն ծանրակշիռ ապացույցներ, որոնք կվկայեն, որ ընդդիմության գործիչներին իսկապես պետք էր բանտարկել: Քոչարյանի համար քաղբանտարկյալների ազատ արձակումը թերևս անցանկալի է նաև այսպես ասած անձնականից վեր տարբերակով:
Բանն այն է, որ եթե նա բանտարկում է, իսկ Սերժ Սարգսյանն ազատում, ապա դա նշանակում է Սերժ Սարգսյանի իշխանություն իր հանդեպ, գոնե այդ մասով: Հետևաբար, Քոչարյանի համար անցանկալի կլիներ քաղբանտարկյալների ազատ արձակումն առանց իրեն, որովհետև համակարգում կարող են մտածել, որ Սերժ Սարգսյանն ուրեմն այնքան է ուժեղ արդեն, կամ Քոչարյանն այնքան է թույլ, որ քաղբանտարկյալների հարց է լուծվում առանց նրա: Ու այդ համատեքստում, համաներումով, Սերժ Սարգսյանը փաստացի բավական համարձակ և նշանակալից քայլ է կատարում դեպի իշխանության կառավարելիություն, ևս մի քանի զգալի աստիճանով նվազեցնելով Քոչարյանի գործոնն այդ գործընթացում:
Տրամաբանությունը կարծես հուշում է, որ Քոչարյանն անպայմանորեն պետք է անդրադառնա այդ իրադարձությանը, փորձելով ցույց տալ, թե դա տեղի չի ունեցել իր կամքին հակառակ: Համենայն դեպս, նա մինչ այժմ դեռ երբեք չի լռել իր պաշտոնաթողությունից հետո իշխանության ձևավորման գործընթացի համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների ժամանակահատվածում, փորձելով անպայման ընդգծել իր ներկայությունն ու ներկայացվածությունն այդ գործընթացներում:
Ամենայն հավանականությամբ, այժմ էլ Քոչարյանը կփորձի համակարգին հիշեցնել իր մասին և ինչ որ կերպ հասկացնել, թե Սերժ Սարգսյանը համաներման քայլին գնացել է միայն իր հետ խորհրդակցելուց կամ համաձայնեցնելուց հետո: Բայց բարդությունը այստեղ այն է, որ Քոչարյանը չի կարող այդ մասին բացահայտ հայտարարել, և նրանից կպահանջվի շատ նուրբ քաղաքական ձևակերպում, ինչը Քոչարյանի մոտ պրակտիկորեն չի ստացվում:











































