Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին իր պաշտոնից ազատելու և արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին: Սա երևի թե Սարգսյանի կադրային եզակի նշանակումներից է, որ հնարավոր է միանգամից ողջունել:
Դավիթ Տոնոյանը Հայաստանի պետական կառավարման համակարգում քիչ պատահող պաշտոնյաներից է, որոնց գործունեությունը արդյունավետ է: Մյուս կողմից՝ սա նշանակում է, որ պաշտպանության նախարարությունից պակասել է մի արդյունավետ պաշտոնյա, որը հատկապես վերջին շրջանում բավական մեծ աշխատանք էր կատարում ոլորտի միջազգային հարաբերությունների ուղղությամբ, ինչն առանցքային նշանակություն ուներ Հայաստանի զինված ուժերի միջազգային վարկի, անվտանգության միջազգային համակարգի հետ հարաբերությունների, գործընկերության տեսանկյունից: Կասկածից վեր է, որ նաև այս հանգամանքի շնորհիվ Հայաստանի զինված ուժերն ըստ էության ընկալվում էին որպես ինքնիշխանության վերջին պատվարը ոչ միայն հայաստանյան հանրության, այլ նաև միջազգային կառույցների և գերտերությունների շրջանում, որոնք, մեղմ ասած, տարակուսած էին Հայաստանի ռուսական գերկողմնորոշում ունեցող արտաքին քաղաքականությունից:
Եվ այս տեսանկյունից, բնականաբար, հարցեր են առաջանում, թե ինչ է պակասելու բանակից Դավիթ Տոնոյանի հեռանալով, և ո՞վ, ինչպե՞ս է լրացնելու առաջացող բացը, արդյո՞ք սա նշանակում է, որ որոշակի փոփոխություններ են լինելու բանակի և միջազգային կառույցների հարաբերություններում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները անկասկած էական նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար:
Խնդիրը տվյալ պարագայում Դավիթ Տոնոյանի անձը չէ, նրա և ընդհանրապես որևէ անձի անփոխարինելիությունը չէ, այլ այն արեալը, որ խորհրդանշում էր այդ անձն իր պաշտոնավարումով և հասարակական-քաղաքական ու միջազգային ռազմաքաղաքական շրջանակներում իր ընկալվածությամբ:
Մյուս կողմից՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն անկասկած յուրօրինակ ուժային ոլորտ է, ուժային համակարգի յուրօրինակ բաղադրիչ, և ըստ էության տեղի է ունենում նշանակում, որը իր այլ ասպեկտներով հանդերձ՝ անկասկած ունի նաև հայաստանյան քաղաքական կամ ներիշխանական իրականության համար ևս մի կարևոր բաղադրիչ՝ դա Սերժ Սարգսյանի համար անձնական վստահելիությունն է, և կասկած չկա, որ Դավիթ Տոնոյանի նշանակումը նաև այս համատեքստում է:
Այդ տեսանկյունից էլ նշանակումն ուշագրավ է դառնում կառավարությունում ուժերի հարաբերակցության տեսանկյունից: Այսինքն՝ Հայաստանի կառավարությունում ուժերի հարաբերակցության հարցում անկասկած գոյություն ունեն Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի նժարները, որոնք առայժմ մեծ տատանումներ չեն արձանագրում, սակայն խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ ամենայնի, հայտնվելու են բավականին դինամիկ մրցակցության փուլում, և այս դեպքում, իհարկե, կառավարության՝ գործնականում յուրաքանչյուր անդամի դիմաց անխուսափելիորեն կանգնելու է այդ երկու նժարների հարցը:









































