Էջմիածնի առաջին ատյանի դատարանում այսօր հետաձգվել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Արամ Մուղալյանի գործով դատավարությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը նշեց, որ նիստի հետաձգման պատճառը ամբաստանյալներից մեկի` մեղադրական եզրակացությունը չստանալն ու դատի մասին տուժողի չծանուցվելն էր:
Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:
«Դատավարությունից սպասում ենք, որ Մուղալյանը կարդարացվի, քանի որ, ինչպեսև միշտ շեշտել ենք, մեղադրանքն անհիմն է, գործում էլ ապացույցներ չկան: Մուղալյանը շարունակում է անազատության մեջ մնալ, չնայած այն հիմքերը, որ կալանքի համար ներկայացվեցին, արդեն վերացել են»,- ասաց Գաբրիելյանը:
Փաստաբանը նշեց, որ իրենք Մուղալյանին կալանքից ազատելու խնդրանքով բազմիցս են դիմել, կալանքի որոշումները բողոքարկել են, գրավոր ևս դիմել են, սակայն մերժվել: Մուղալյանի հետ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում: Վ. Գաբրիելյանի խոսքով` վերջինս թեև առողջական վիճակից չի բողոքում, սակայն կարելի է ենթադրել՝ չորս ամիս կալանավայրում գտնվող անձի առողջական վիճակն ինչպիսին կլինի:
Մուղալյանի մայրը` Վարդուհի Շափաղաթյանը, նշեց, որ իրենք «Լույս» հիմնադրամին օգնության խնդրանքով չեն դիմել:
«Մենք պարբերաբար տեսակցում ենք որդուս հետ: Նա տեսնում է, որ գործն առաջ չի գնում, նույնիսկ պատրաստ է հացադուլ հայտարարել, սակայն մենք խնդրում ենք չդիմել այդ քայլին, ասում ենք, որ լրատվական միջոցներին ենք ներգրավել մեզ օգնելու հարցում, հույս ունենք` դա ինչ-որ ձևով կօգնի: Հուսով ենք նաև, որ դատարանն ի վերջո այդ թյուրիմացությունը կպարզի: Մենք հավատում ենք դրան»,- ասաց նա:
Տիկին Վարդուհին ընդգծեց, որ մինչ օրս իրենք լռել են, հավատացել են, որ թյուրիմացությունն ի վերջո կպարզվի, քայլեր չեն ձեռնարկել, սակայն օրերն անցել են, իսկ իրենք նույն սպասողական վիճակում են:
«Եթե իմանայինք, որ չորս ամիս ոչինչ չի լինելու, մենք առաջին իսկ օրվանից կբարձրաձայնեինք: Պարզապես մենք չենք ցանկացել աղմուկ բարձրացնել այս դատարկ ու փուչ գործից. դա ոչ մեկիս համար լավ չէ: Բայց հիմա արդեն քայլեր ենք ձեռնարկել: Քանի որ մեր մի քանի գրավոր նամակները նախագահին չեն հասել (ես հավատում եմ, որ եթե հասնեին, արձագանք կլիներ), ուստի հանդես ենք եկել բաց նամակով»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Արամ Մուղալյանն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Նա մեղադրվում է խուլիգանության (ՀՀ Քր. Օր. 258 հոդված) և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու (ՀՀ Քր. Օր 185 հոդված) համար:









































