Ազատության հրապարակում հրավիրված հանրային ժողովին ամփոփիչ խոսքով հանդես եկավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Բոլորը գիտեն, որ դանակը ազգային պետական ոսկորին հասել է, և այսպես չենք կարող շարունակել: Առանձին-առանձին հրապարակներում, պուրակներում, մեր բնակարանների համար պայքարելիս ոչ մի տեղ չենք հասնելու, դրա համար ես առաջարկում եմ այժմ արդեն, քանի ուշ չէ, մեր հաղթանակը, որ կերտել ենք, իննսուն տոկոսով մեր ձեռքում է, փոխենք մեր մեթոդաբանությունը, ընդունենք մեր սխալականությունը, միաժամանակ ազատամարտիկ, զինվոր ու ոստիկան միանանք` փրկելու մեր երկիրը սպասվող արհավիրքից»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ կերպ բոլոր հարցերն իրենց լուծումը կգտնեն:
Նրա պնդմամբ՝ այս սեպտեմբերին ոչ թե թեժ աշուն է սպասվում մեզ, այլ հրամայական պայքար․ «Յուրաքանչյուրս կերտելու է այն միասնական հրապարակը, որ բերելու է նոր Հայաստան: Հայտարարում եմ՝ ես անձամբ՝ իբրև քաղաքացի, «Ժառանգությունն»՝ իր կուսակիցներով, մեր համակիրներով, անխտիր բոլորով, արժանի ենք զորակցման, մենք կլինենք քաղաքապետարանի առջև, համալսարանի առջև, Մաշտոցի պուրակում, բայց այդ ամենը միասին պետք է անենք և այս տարի:
Բոլորս մեկ նպատակ ունենք, այդ մեկ նպատակը մեզ պիտի միացնի, եթե ոչ, մենք ենք մեղավոր, ոչ թե անօրեն, անընտիր այս իշխանությունը: Օգոստոսի 29-ին ժամը 19:00-ին ազատամարտիկները հրավիրել են իրենց հանրահավաքը։ Ես դա համարում եմ նաև իմ հանրահավաքը, կոչ եմ անում բոլորին միանալ մեզ: Հինգշաբթի առավոտ՝ ժամը տասին երիտասարդները ուսման վարձի պահանջներն են հայտնելու. որտեղ կա պահանջ, ահազանգ, մենք լինելու ենք ներկա, որ աշունը լինի մեր համապետական հաղթանակի եղանակը։ Ուրբաթ օրը, ամսի 30-ին՝ հանրային ժողով Վանաձորի «Շարլ Ազնավուր» մշակութային տան բակում, նույն օրը երեկոյան ժամը վեցին՝ Գյումրիում, Ադամյանի անվան թատրոնի բակում հանրային ժողով, սեպտեմբերի մեկից չորսը՝ Արցախում և Սյունիքում կլինենք ներկայացնելու Սամվել Հայրապետյանին, որ պարոն Լիսկայի կեղտերը պիտի մաքրի և արդարություն բերի Սյունիք աշխարհին»:
Հովհաննիսյանն առաջարկեց նաև, որ Ազատության հրապարակում միասնական հանրահավաք անցկացնեն սեպտեմբերի հինգին կամ վեցին, որն, ըստ նրա, բերելու է «հաղթանակի եղանակը»․ «Այս մասին մենք կհայտարարենք քննարկումներից հետո, բայց չվախենանք: Բոլորս կրում ենք պատասխանատվություն, և ուրեմն հարցի պատասխանը մեր ձեռքում է»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































