«Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրային ժողովին այսօր ելույթ ունեցավ «Ժառանգության» քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքերով՝ այսօր շատերն անհավատ են, շատերը լքում են Հայաստանը, բայց նրանք, ովքեր պատրաստ են պայքարել, կարող են հասնել նրան, որ բոլորը վերադառնան իրենց պատմական հայրենիքը․ «Մեր պետության անկախությամբ մենք ձեռք ենք բերել այնպիսի գիտակցություն, որ եթե մենք չկառուցենք մեր հայրենիքը, որևէ այլ մեկը մեր փոխարեն դա չի անելու: Մեզ մնում է մեր պատմական երկու հայրենիքում ձևավորել մեր ժողովրդի իշխանությունը, որ դեռ չի հաջողվում, սակայն համոզված եմ, որ դեռ կյանքի ենք կոչելու՝ ոչ թե հեռու ապագայում, այլ շատ շուտով»:
Դրա համար, ըստ Փոստանջյանի, պետք է համախմբվել, ստեղծել այն պետությունը, որը պատկանում է յուրաքանչյուրիս՝ սկսած զինվորից մինչև ազնիվ ծառայող պատգամավոր․ «Համատեղում ենք մեր ուժերը և գնում առաջ՝ դեպի հաղթանակ»:









































