Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան իր ամերիկացի գործընկերներին փորձել է համոզել, որ Վրաստանը շարունակում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու կուրսը, իսկ երկրի վարչապետը Կրեմլի գործակալը չէ: Այսպես է մեկնաբանում EurasiaNet առցանց պարբերականի վերլուծաբան Ջոշուա Կուցերան Իրակլի Ալասանիայի այցի նպատակը Վաշինգտոն:
Վերլուծաբանի խոսքով՝ Վրաստանի պաշտպանության նախարարը ոչ միայն հաստատել է հավատարմությունը զարգացման եվրոատլանտյան կուրսին, այլ նաև ժամանակ է տրամադրել Սաակաշվիլիի և Շևարդնաձեի քաղաքական ժառանգության պահպանման հարցին:
Հոդվածագիրը մեջբերում է Ալասանիայի հայտարարությունն այն մասին, որ ժամանակակից Վրաստանի հաջողությունը ժողովրդի և երկրի նախկին իշխանությունների ներկայացուցիչների հավաքական ջանքերի արդյունք է:
«Վրաստանի առաջին նախագահը երկրին անկախություն բերեց: Բացի դրանից՝ Էդուարդ Շևարդնաձեն եղել է առաջին առաջնորդը, որը բարձրացրել է Վրաստանի եվրոպական ապագայի հարցը: Երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ջանք չի խնայել հաջողության հասնելու և եվրոատլանտյան կառույցներ ինտեգրվելու համար: Մենք պետք է ընդունենք և գնահատենք վրացի ղեկավարների ջանքերը և նրանց կողմից ստեղծված ամուր հիմքի վրա շարունակենք առաջ շարժվել»,- ասել է Ալասանիան EurasiaNet պարբերականին:











































