ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ մահմեդական յոթ երկրներից ներգաղթյալների մուտքը ժամանակավորապես արգելելու մասին, վերաբերում է աշխարհում մահմեդականների 12%-ին միայն: Այդ մասին վկայում են հետազոտական Pew Research Center կազմակերպության զեկույցում բերված տվյալները: Արգելանքի տակ ընկած երկրներից միայն Իրանն է մտնում մահմեդական մեծաքանակ բնակչություն ունեցող 10 պետությունների մեջ:
2010թ. դրությամբ աշխարհում մահմեդականների թիվը հասնում էր 1,6 միլիարդի: Թեպետ շատերը, հատկապես ամերիկացիները իսլամը կապում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ, իրականում մահմեդականների մոտ երկու երրորդը բնակվում է Ասիական-խաղաղօվկանոսյան տարածաշրջանում. Հնդկաստանում և Պակիստանում ավելի շատ մահմեդականներ են ապրում, քան ողջ Մերձավոր Արևելքում կամ Արևելյան և Հյուսիսային Աֆրիկայում, սակայն այդ տարածաշրջաններում մահմեդական բնակչության խտությունն ամենաբարձրն է:
Աշխարհի 49 երկրներում մահմեդականների թիվը գերակշռում է; Ամենաբարձր ցուցանիշը Ինդոնեզիայում է (մոտ 209 մլն), Հնդկաստանում մահմեդականները թվով երկրորդն են (մոտ 176 մլն), թեպետ կազմում են ընդհանուր բնակչության 14,4%-ը:
Առաջ նայելով՝ կազմակերպությունը կանխատեսում է, որ մինչև 2050թ. աշխարհում մահմեդականների թիվը կհասնի 2,76 միլիարդի՝ կազմելով աշխարհի բնակչության 29,7%-ը:
Հյուսիսային Ամերիկայում մահմեդականները կազմում են բնակչության 0,2%-ը: Կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ում մահմեդականների թիվը կաճի երկու անգամ: Այդ կանխատեսումներն արվում են ժողովրդագրական և միգրացիոն միտումների հիման վրա:











































