Նոր Ընտրական օրենսգրքով փոփոխություններ են նախատեսվել, բոլորովին նոր ընթացակարգով են կազմակերպվելու ընտրությունները: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե մասնավորապես ռեյտինգային ընտրակարգն ինչ է ենթադրում և ինչ սկզբունքներով է լինելու քվեարկությունը, նշեց, որ իրականում սա համամասնական ընտրակարգի տարբերակ է: Նրա խոսքով՝ թաղային հեղինակությունների և տեղական կրիմինալների ազդեցությունը ընտրությունների վրա մեծացնելու համար հիասքանչ ընտրակարգ է:
«Նախկինում կուսակցությունները ստանում էին ինչ-որ քանակի ձայներ, և համամասնորեն ստանում էին մանդատներ: Կուսակցությունը ընտրություններից առաջ մշակում էր ցուցակ, որը փոփոխման ենթական չէր, և որոշվում էր, թե քանի հոգի պետք է անցնի, ենթադրենք որոշվում էր 20 հոգի, ցուցակի առաջին 20 հոգին անցնում էին: Սա կոչվում էր փակ ցուցակ: Հայաստանում համամասնական ընտրությունները միշտ այսպես են ընթացել:
Այժմ երկու տեսակի ցուցակներ են լինելու՝ փակ և բաց… Մանդատների կեսը հասնում է փակ ցուցակին, ինչպես նախկինում էր, մյուս կեսը տրվելու է ռեյտինգային ընտրակարգով առավելագույն ձայներ ստացած թեկնածուներին: Ռեյտինգային ընտրակարգը ազդում է նրա վրա, թե կուսակցության ստացած մանդատները կոնկրետ որ անձինք պետք է ստանան»,- նշեց Դ. Իոաննիսյանը: Նա նաև հավելեց, որ կարուսելի մեխանիզմները նվազել են:
Անդրադառնալով հարցին, թե ռեյտինգային ընտրակարգն ինչ վտանգներ կարող է պարունակել, մասնավորապես ՀՀԿ-ի համար, երբ, ըստ էության, կուսակցության ներսում հնարավոր է սկսեն բախումներ, Իոաննիսյանը նշեց, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ միշտ թաղային հեղինակությունները հաղթում են քաղաքական գործիչներին. «Գուցեև իրար մորթեն անգամ, չգիտեմ, բայց եթե մի քանի թաղային հեղինակություններ մասնակցեն, նրանից յուրաքանչյուրի հավաքած ձայնը կգնա կուսակցությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































