«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
– Պարոն Ապրեսյան, Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար այս և նախորդ տարիներին ի՞նչ կարևոր քայլեր են արվել:
– Հայաստանում զբսաշրջության զարգացման համար շարունակական քայլեր են արվում: Մասնակցում ենք միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների, կազմակերպում ենք օտարերկրյա լրագրողների ճանաչողական այց դեպի Հայաստան, գովազդատեղեկատվական նյութեր ենք տպագրում և տարածում: Վերջերս իսպանական հայտնի մասնագիտացված կազմակերպություններից մեկի հետ նկարահանել ենք Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Նոյի երկիր» (Armenia the land of Noy): Այս տարվա առաջին կիսամյակի տվյալները եթե համեատենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա 14.3 տոկոսով ավելի զբոսաշրջիկներ են այս տարի եկել Հայաստան: Շարունակական քայլերի միջոցով իսպանական, չեխական, ֆրանսիական, սկանդինավյան երկրների հեռուստաալիքներով, ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվում են Հայաստանի մասին պատմող հոլովակներ: Հեռարձակման գործընթացը շարունակվում է. լեհական ազգային հեռուստաընկերությանն, օրինակ, հրավիրել ենք Հայաստան, որպեսզի իրենց մոտ ցուցադրվող ծրագրիերից մեկի համար չորս մասից բաղկացած ֆիլմաշար նկարահանվի: Ամեն մասը կլինի 20 րոպե տևողությամբ, և դա ցուցադրվելու է նաև լեհական ազգային հեռուստաընկերությամբ:
Բացի դրանից, այս տարի հինգերորդ տարին է, որ արդեն ավանդական դարձած փառատոներ ենք անցկացնում, որը նույնպես գրավիչ է դարձնում զբոսաշրջությունը: Որպես այլընտրանքային զբոսաշրջություն, ունենք խորովածի փառատոն, գինու փառատոն։ Այս տարի սեպտեմբերի 21-ին Գյումրիում կմեկնարկի արվեստների և արհեստների փառատոնը, որը նույնպես միտված է դառնալու ավանդական և ամենամյա: Շամշադինում անցկացվում է «Մեղրի և հատապտուղների փառատոն», Սարդարապատում՝ «Տոլմայի փառատոն»:
Խորովածի և գինու փառատոները հեռարձակվել են CNN, OРТ, РTР, Mир և հայկական մի շարք հեռուստաալիքներով և առցանց լրատվամիջոցներով: Սա նույնպես յուրովի գովազդ է եղել Հայաստանի համար:
– Այսօր տուրիզմի մեր գլխավոր խնդիրներից է տարբեր ուղղություններով տուրեր կազմակերպելը: Շատ պատմամշակութային վայրեր ներառված չեն տուր-փաթեթներում, դրա փոխարեն անընդհատ կրկնվում են նույն ուղղությունները: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
– Սա ընդհանուր խնդիր է՝ հնարավորինս լայնորեն ընդգրկել Հայաստանի բոլոր տարածքներն ու համայնքները՝ զբոսաշրջային երթուղում: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց ասել՝ միայն սահմանափակ թվով տեղեր են տանում, դա էլ այդպես չէ: Բնականաբար, այս փառատոների կազմակերպումը, որ արդեն լայն թափ է առել, հանրապետության տարբեր մարզերում է իրականացվում և շեշտը դրված է մարզերն ավելի ակտիվ դարձնելուն և ներքին ու արտաքին շուկայում ճանաչվելուն, զբոսաշրջային հոսքերն այդտեղ ուղղելուն:
– Իսկ մարզերում որքանո՞վ է տարածված էկոտուրիզմը, B&B (bed and breakfast) ճյուղը:
– Զբոսաշրջային տների ցանցի ձևավորմանն ուղղված աշխատանքներ արդեն արվում են: Եթե տասը տարի առաջ ասեինք B&B, ոչ ոք չէր հասկանա, թե խոսքն ինչի մասին է: Այսօր արդեն տարբեր մարզերում մոտ երկու հարյուր զբոսաշրջային տուն ունենք:
Նույնը կարելի է ասել նաև էկոզբոսաշրջության մասին: Այն տարբեր ուղղություններով է զարգանում և հատկապես այնտեղ, որտեղ բնությունը համապատասխանում է «էկոտուրիզմ» հասկացությանը:
Զարգացում է ապրում նաև գյուղական զբոսաշրջությունը, որը երկու ուղղություն ունի՝ ագրո և գյուղական: Սրանք մի փոքր տարբերվում են իրարից. ընդհանուր գյուղական զբոսաշրջությունն այն է, երբ զբոսաշրջիկներն այցելում են գյուղական վայրեր, իսկ ագրոն ավելի մասնավոր է, երբ զբոսաշրջիկները իրենց ցանկությամբ մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին: Դա իրենց համար շատ հետաքրքիր է և տվյալ երկիր նորից գալու լավ պայման:
Կարող ենք ասել, որ պետական այն քաղաքականությունը, թե պետք է դիվերսիֆիկացնել զբոսաշրջային արդյունքը, (բացի դասական պատմամշակութային զբոսաշրջությունից, զարգացնել նաև զբոսաշրջության մյուս ձևերը` առավելագույնս և արդյունավետ օգտագործելով ունեցած ռեսուրսները), արդեն կյանքի է կոչվում: Մենք ունենք թե՛ արկածային, թե՛ գյուղական, թե՛ էկոզբոսաշրջություն, որը հիմնված է պատմամշակութային-ճանաչողական զբոսաշրջության վրա: Այժմ արդեն զարգանում է առողջարանային, ձմեռային, առողջապահական զբոսաշրջությունը: Այստեղ գալիս են զբոսաշրջիկներ՝ հատկապես ատամնաբուժական նպատակներով, շնչուղիների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով: Աղի հանքում կվարցային վաննաներ են անցնում, ինչպես նաև այստեղ կատարվում է որակյալ և մատչելի սիրտ-անոթային վիրահատություններ:
– Դիվերսիֆիկացումն արվում է միայն մասնավոր կողմի միջոցներո՞վ, թե՞ պետությունն էլ ունի իր բաժինը:
– Պետությունն անպայման աջակցում է: Օրինակ, ունենք «Ջերմուկի զարգացման ծրագիր», որը միտված է ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելուն, «Զբոսաշրջային տների զարգացման ծրագիր» կա: Մասնավոր-պետություն համագործակցության ամենամեծ խնդիրն ավելի շատ պայմաններ ձևավորելն է, որը ստեղծում է անհրաժեշտ իրավական դաշտ: Եթե բավարար պրոպագանդա լինի, մասնավոր բիզնեսն էլ իր ներդրումները կավելացնի :Մենք այնպիսի տարածքում ենք ապրում, որտեղ պատմամշակութայինը համակցված է գյուղականի հետ, և այդ տարածքները հանրապետության ամբողջ տարածքում են: Զբոսաշրջիկը, գալով Հայաստան, ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային վայրերին, այլև կենցաղին:
– Ո՞ր երկրներից են զբոսաշրջիկներն ավելի շատ գալիս Հայաստան:
– Այստեղ գալիս են հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպայից, Իրանից, ԱՄՆ-ից։ Շատ քիչ թվով, բայց Թուրքիայից նույնպես գալիս են: Բավականին լայն է աշխարհագրությունը՝ աֆրիկյան, հեռավոր արևելյան երկրներից նույնպես գալիս են:
– Եթե այս երկրներից գալիս են մեզ մոտ, ինչո՞ւ է մեր երկրի պոտենցիալ զբոսաշրջիկը դուրս գալիս երկրից:
– Դա բնական է, և եթե մարդն ուզում է ճանապարհորդել, դրա մեջ վատ բան չկա: Ամենաշատ զբոսաշրջիկներ ունեցող երկրները նաև արտագնա զբոսաշրջություն ունեն: Գերմանիան բավականին հայտնի երկիր է, սակայն արտագնա զբոսաշրջության ամենամեծ տեմպերն ունի: Օրինակ, Ճապոնիայում մեծ է արտագնա զբոսաշրջությունը, ավելի մեծ է ներքին զբոսաշրջությունը, նոր միայն ներգնա: Ներքին տուրիզմը Հայաստանում 2012 թվականին եղել է 514 հազար 771 մարդ, որը 2011թվականից 5.2 տոկոսով ավելի է: Այս թիվը պաշտոնականն է, սակայն կան նաև մանսավոր տներում ապրողներ, որոնք ներառված չեն այստեղ:
– Անդրադառնանք Իրանին: Անցյալ տարիներին բավականին շատ իրանցիներ եկան, այս տարի նրանց թիվը շատ քիչ է: Ինչո՞վ է սա պայմանավորված:
– Իրանից զբոսաշրջային այցելությունների թվաքանակը սկսեց նվազել անցյալ տարվանից, որի հիմնական պատճառն Իրանում տարադրամի հետ կապված խնդիրն էր, որովհետև այսօր երեք-չորս անգամ իրանական տարադրամի փոխարժեքն ընկել է՝ ամերիկյան դոլարի նկատմամբ: Սա նշանակում է, որ զգալիորեն ընկել է գնողունակությունը, որն էլ էապես ազդել է Իրանից եկող զբոսաշրջիկների թվաքանակի վրա՝ ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր ուղղություններում: Հուսով ենք, որ Իրանում այդ խնդիրը կկարգավորվի և իր բնական հունի մեջ կընկնի:
– Այստեղ եկող զբոսաշրջիկները տեղում բախվում են մի խնդրի՝ տեղացիները, հատկապես տաքսիստները կամ վարձով բնակարան տվողները հավելյալ գումարներ են աշխատում զբոսաշրջիկների հաշվին: Ինչպե՞ս են կարգավորվում այս խնդիրները:
– Կարող են լինել մեկ-երկու մասնավոր դեպքեր, բայց դրանք համատարած բնույթ չեն կրում: Ես, առիթից օգտվելով, ուզում եմ մեր խնդրանքն ուղղել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ բնակչությանը, պահպանել մեր իմիջը՝ որպես լեգենդար հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ օժտված ժողովուրդ, և այդ սկսզբունքներից ելնելով՝ բացառել նման դեպքերը:





































