ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է ներգրավել ամերիկյան զորքերը՝ «վատ տղաներին» կանգնեցնելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցի ապակոդավորված հատվածին։
«Դուք այնտեղ վատ տղաների կույտ ունեք։ Դուք անում եք անբավարար քայլեր՝ նրանց կանգնեցնելու համար։ Ենթադրում եմ, որ Ձեր բանակը վախենում է, մերը՝ ոչ, այնպես որ ես կարող եմ նրանց այդտեղ ուղարկել՝ նրանց մասին հոգ տանելո համար»,-իբրև թե հայտարարել է Թրամփը։
Չի հստակեցվում, թե կոնկրետ ում է ԱՄՆ նախագահը որակել որպես «վատ տղա»։
Գործակալության աղբյուրը, որը տրամադրել է հեռախոսազրույցի ապակոդավորված մասը, չի հայտնել իր անունը։ Ինչպես նշում է գործակալությունը՝ զրույցի նման հատված ավելի վաղ հրապարակել էին մեքսիկական ԶԼՄ-ները։
Միևնույն ժամանակ Մեքսիկայի ԱԳՆ-ում կեղծիք են անվանել զրույցի այդ հատվածը՝ նշելով, որ իրականում զրույցը կառուցողական բնույթ է կրել։ Սպիտակ տանը հարցին չեն պատասխանել։
Թրամփը Նյետոյի հետ հեռախոսազրույց էր ունեցել հունվարի 27-ին։ Երկու երկրների առաջնորդների զրույցը տևել էր մոտ մեկ ժամ։









































