Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում գտնվող 68Ա վթարային շենքը մոռացված է թե՛ քաղաքապետարանի, թե՛ համայնքի ղեկավարների, թե՛ համատիրության կողմից: Նրանք չեն անհանգստանում անգամ այն ժամանակ, երբ իմանում են, որ պատշգամբի քարերն են փլվում մարդկանց գլխին:
Աննա Սարգսյանն արդեն 14 տարի է՝ ապրում է այս շենքում՝ ստանալով հաշմանդամության թոշակ: Նրա խոսքերով՝ դիմել են համատիրություն, վերջիններս էլ եկել են, նկարել և ասել, որ կգան կվերանորոգեն, սակայն այդպես էլ ոչ մի միջոց չեն ձեռնարկել: Շենքը վթարային է, բնակիչները պատմում են, որ իրենց սկզբում խաբել են, ասել, որ Արգավանդում տներով կապահովեն, բայց չեն արել, Բաքվից եկածներին տնով ապահովել են, իսկ տեղացիներին՝ ոչ մի օժանդակություն. «Ամեն անգամ գալիս են, խաբում, թե միջոցներ կձեռնարկեն, սակայն ամեն անգամ ստում են։ Անգամ տանիքի համար դիմեցի ապրիլ ամսին Տարոն Մարգարյանին, ի պատասխան ասացին, որ ոչ մի բան չեն կարող անել, 2014 թ. երկրորդ եռամսյակում նոր հնարավոր կլինի ինչ-որ միջոցներ ձեռնարկել»։
Աննա Սարգսյանի ինքնազգացողությունը հաճախակի է վատանում, և նա ստիպված է լինում դիմել ընտանեկան բժշկին, իսկ բժիշկը՝ Նաիրա Մախսուդյանը, հրամայում է մեքենա կամ տաքսի ուղարկել իր ետևից. «Զանգել եմ, ասում եմ՝ բժշկուհի, շատ վատ վիճակի մեջ եմ, ինձ կանչ է պետք: Ասում է՝ արի, ասում եմ՝ բժշկուհի, ի վիճակի չեմ գալ, ասում է՝ տղայիդ ուղարկի` տաքսիով տանի-բերի ինձ: Բայց եթե դու գումար ես ստանում կանչերի հիման վրա, բարի եղիր գաս»,- ասաց հիվանդ կինը՝ հավելելով, որ որևէ մեկն իրենց չի նկատում, ապա տարակուսեց՝ այս դեպքում ինչպե՞ս անել…











































