Ամերիկացի մի խումբ դիվանագետներ պատրաստել են հեռագիր, որը քննադատում է 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների:
Փաստաթղթում դիվանագետները պնդում են, որ ԱՄՆ մուտքը սահմանափակող միջոցառումները չեն նպաստի այդ երկրում անվտանգության ամրապնդմանը, հակասում են ամերիկյան արժեքներին և կարող են հակաամերիկյան տրամադրություններ բռնկել աշխարհում: Ըստ հեռագրի հեղինակների՝ մուտքի ժամանակավոր արգելքը կհանգեցնի ոչ թե ահաբեկչությունների թվի կրճատման ԱՄՆ-ում, այլ «աշխարհում ամերիկացիների հանդեպ բարի կամքի նվազման»:
«Անհամաձայնության մասին հեռագիրը», ինչպես սպասվում է, Պետդեպի ղեկավարությանը պաշտոնապես կփոխանցվի երկուշաբթի: Գործակալության տեղեկությամբ՝ փաստաթուղթը մի քանի հարյուր դիվանագետ է ստորագրել:
Ուրբաթ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումն ԱՄՆ, անորոշ ժամանակով արգելում է սիրիացի փախստականների տեղաբաշխումը, խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ, նաև 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը մի շարք մուսուլմանական երկրներից: Reuters-ի տեղեկացմամբ՝ հրամանագրի ձևակերպումներից հետևում է, որ խոսքն Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի և Սոմալիի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին է:










































