Amnesty International-ը Հայաստանում մարդու ազատություններին նվիրված զեկույց է հրապարակել: Ներածությունում մեջբերվում է հատված Հայաստանում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի կարծիքից, որում նա նշում է, որ առաջին հայացքից կարծես Հայաստանում խոսքի ազատության հետ կապված խնդիր չկա, քննադատական տեակետներ են արտահայտվում թերթերում, հեռուստատեսությամբ և համացանցում տարբեր թեմաների վերաբերյալ, սակայն կան պետական և ազգային շահերին առնչվող թեմաներ, որոնք «տաբու» են մնում:
«Armenia: no space for difference» զեկույցի «Խոսքի ազատությունը՝ ռիսկի տակ» բաժնում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Հայաստանը, որպես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտի անդամ, ստանձնել է պարտավորություն՝ հարգելու խոսքի (19-րդ հոդված)և հավաքների (21-րդ հոդված)ազատության իրավունքները:
Անդրադարձ է կատարվում վերջին տարիներին մամուլում հայտնվող զորակոչիկների հանդեպ մարդու իրավունքների խախտումների և խաղաղ պայմաններում զինվորների մահվան պատմություններին («Ճնշումներ բանակում չարաշահումների հետաքննման համար» ենթաբաժին): Ակտիվիստները մեղադրում են զինվորականներին՝ պատշաճ հետաքննությունների անցկացումը ձախողելու և սպանությունները որպես ինքնասպանություն որակելու համար:
Անդրադարձ է արվում Ղարաբաղյան հակամարտության հարցերին: Նշվում է, որ այդ թեմայով «Հայաստանի կողմից գրավյալ տարածքներ» արտահայտություն անողին սպառնում է դավաճան պիտակը: «Հարձակումներ հակամարության կարգավորման ակտիվիստների վրա» ենթաբաժնում հիշատակվում է 2012-ին Հայաստանի հյուսիսում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի տապալումը:
Սեռական կողմնորոշմանն ու գենդերային պատկանելությանը վերաբերող հարցերը խիստ հակասական են մնում Հայաստանում: Համաձայն հարցումների՝ բնակչության մեծ մասը կարծում է, որ հասարակությունը պետք է դատապարտի ԼԳԲՏ ներկայացուցիչներին:
«Խտրականություններ և հանցանքներ՝ ատելության հողի վրա» բաժնում նշվում է, որ հոմոֆոբիան և տրանսֆոբիան լայն տարածում ունեն և խորը արմատավորված են հայկական հասարակության մեջ: Սեռական կողմնորոշման հիման վրա ատելությամբ կատարված հանցանքների վերաբերյալ հատուկ օրենսդրության բացակայությունը կարող է լինել գործոններից մեկը, որ ոստիկանությունն ու դատախազի գրասենյակը չեն կարողանում պատշաճ կերպով հետաքննել ԼԳՏԲ ներկայացուցիչների դեմ իրականացված հանցանքները:










































