Եվրոպական Միությունը նպատակադրված է ավելի սերտ կապ հաստատել հարևան երկրներին օգնության տրամադրման և այդ երկրներում ժողովրդավարական գործընթացների միջև: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Եվրահանձնաժողովի կողմից այսօր ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակներում օգնության տրամադրումն այսուհետ իրականացվելու է` հաշվի առնելով այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են օգնություն ստացող երկրում տեղի ունեցող ընտրությունների արդարությունը, անկախ դատարանների և ազատ մամուլի առկայությունը:
Եվրահանձնաժողովն առաջարկում է ավելացնել մինչև 2013 թ. տրվող օգնության գումարը մինչև 1.2 մլրդ եվրո: Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես, ԽՍՀՄ նախկին 5 հանրապետությունների հետ մեկտեղ, մասնակցում է «Եվրոպական հարևանության քաղաքականության» ծրագրին: