Օրեր առաջ համաշխարհային ԶԼՄ-ները տարածեցին տեղեկատվություն, որ Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը 1 օրով տաքսիստ է դարձել՝ մարդկանց հետ շփվելու նպատակով: Ստոլտենբերգը հայտարարել է, որ ցանկացել է իմանալ ընտրողների իրական տրամադրությունները, իսկ տաքսին դրա համար ամենահարմար վայրն է:
«Ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ է ուզում ժողովուրդը: Ու եթե կա այնպիսի վայր, որտեղ մարդիկ իսկապես ասում են, թե ինչ են ցանկանում, դա տաքսին է»,- հայտարարել է նա:
Տարիներ առաջ էլ Շվեդիայի վարչապետի որդին աշխատանքի էր անցել McDonald’s-ի ցանցում:
Այս տեղեկությունն արտասահմանյան լրահոսում, ըստ էության, սովորականի պես մի բան է, որովհետև քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն նման իրողությունները դարձել են օրինաչափության պես մի բան:
Ժամանակակից, քաղաքակիրթ աշխարհում էլիտաները ձգտում են դեպի շարքային քաղաքացու կյանք, թագավորական ընտանիքները հարսնացուներ են ընտրում շարքային ընտանիքներից, վարչապետերի որդիները համբուրգերներ են պատրաստում, արքայազնները մեկնում են ռազմական գործողությունների վայրեր և ծառայության անցնում այնտեղ: Հայաստանում այդ իրողությունները խելահեղության պես կընկալվեն, որովհետև Հայաստանում իրավիճակը տրամագծորեն հակառակն է:
Այստեղ էլիտա կոչվածն ամեն ինչ անում է շարքային քաղաքացիներից ավելի ու ավելի առանձնանալու համար` քաղաքացիներին դիտելով ընդամենը իրենց կալվածքների ծառաներ` լինի դա գյուղում, թե քաղաքում: Այստեղ էլիտարները իրար հետ են ապրում, իրար մեջ ամուսնանում, իրար հետ հանգստանում: Շարքային քաղաքացին, հայաստանյան շարքային էլիտարների համար ուղղակի համբալ է, որին մեծահոգաբար կերակրում են` իրենց կարծիքով, իրենց մտածողությամբ, իրենց պատկերացումներով:
Դրա համար էլ Հայաստանում որևէ պաշտոնյա որևէ պատճառով տաքսի չի քշում, իսկ նրաց որդիները եթե համբուրգեր են սարքում ապա միայն իրենց ինչ-որ բանում հակաճառած, չենթարկված կամ անզգուշորեն իրեն չպատված քաղաքացու մսից միայն: Հիշենք, թե ինչքան պատմությունների մեջ են ընկել Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկի որդիները, ինչքան պատմությունների մեջ են ընկել Հովիկ Աբրահամյանի որդիներն ու եղբորորդիները, գեներալ Մանվելի որդիները ու այլ պաշտոնյաների և գեներալների որդիներ, որոնք թքած ունեն շարքային քաղաքացիների վրա, որովհետև իրենց այդպես են կրթել ու դաստիարակել նորահայտ էլիտայի պերճանքը դարձած հայրերը:
Նորվեգիայի վարչապետը կամ Շվեդիայի վարչապետն ու նրա որդին, ըստ հայաստանյան էլիտար հայրերի և որդիների, պարզապես շարքային հարիֆ են, դրա համար էլ համբուրգեր են վաճառելու: Նրանք կյանքից բան չեն հասկանում, նրանք արժանի չեն վայելել կյանքը` ըստ հայաստանյան էլիտա կոչվածի մտածողության: Եվ այդ կոնտրաստի պայմաններում առավել քան ակնհայտ է, թե որքան դեգրադացված է հայաստանյան միջավայրը հատկապես համաշխարհային միտումների ֆոնին, թե որքան աղետալի է արժեհամակարգային այն բովանդակությունը, որ ընկած է հայաստանյան արդի միջավայրի հիմքում: Ու հասկանալի է դառնում, որ իրականում ճոռոմ խոսքերի և հուզախռով եվրոպականության հետևում թաքնված է էլիտար վայրենին, որ վայրենու թերևս առավել վտանգավոր տեսակն է, առավել հավակնոտ տեսակն է: Բայց հույսը և լույսը թունելի վերջի, թերևս, այն է միայն, որ Հայաստանում վերջին տարիներին սկսել է հավակնոտ լինել նաև քաղաքացի տեսակը:








































