Լրագրողների համար ունեցած մեծ մամուլի ասուլիսով ափոփելով իր պաշտոնավարման առաջին հարյուր օրը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, ի պատասխան օլիգարխների հետ հարաբերության մասին հարցի, հայտարարել է, որ նրանց հետ լավ հարաբերությունների մեջ է: Օլիգարխիայի թեման Հայաստանում, իհարկե, վաղուց տարածված և շոշափվող թեմա է, և զարմանալի չէ, որ այն պետք է հնչեր նաև վարչապետի ասուլիսի ընթացքում: Զարմանալի չէ նաև վարչապետի պատասխանը, թեև, այստեղ, իհարկե, արդեն կա որոշակի երկիմաստություն: Կարեն Կարապետյանն ասում է, որ օլիգարխների հետ լավ հարաբերությունների մեջ է: Դժվար է զարմանալ, քանի որ Կարեն Կարապետյանը նրանցից շատերի հետ ունի նույնիսկ տարիների ընկերական հարաբերություններ, աշխատանքի և բիզնեսի փորձ, ընդհանուր տնտեսական հարաբերությունների պատմություն և այլն:
Ի վերջո, նա եղել է Հայաստանի օլիգարխիզացված տնտեսության ամենաառանցքային համակարգային կառույցներից մեկի տասնամյա ղեկավարը, որը անխուսափելիորեն պետք է առնչվեր այս կամ այն օլիգարխին, նրա բիզնեսին, որը նաև քաղաքական մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի իշխանության համար: Ու սպասելի է, որ Կարեն Կարապետյանը պետք է նրանց հետ լինի լավ հարաբերությունների մեջ: Ի վերջո, նա նաև այդ օլիգարխների հիմնական կուսակցության՝ ՀՀԿ-ի նոր անդամ է: Մյուս կողմից, օլիգարխների հետ լավ լինելու հայտարարությունը հակասություն ունի երկրում իրավիճակը հիմնավորապես, համակարգային առումով փոխելու մասին Կարեն Կարապետյանի մյուս հայտարարությունների հետ: Բանն այն է, որ Հայաստանում տնտեսության վիճակը նրա իսկ բնորոշմամբ՝ չափազանց ծանր է այն պատճառով, որ տնտեսությունը կենտրանոցվել է մի քանի օլիգարխիական խմբերի ձեռքում, որոնք նաև իրենց ձեռքում են կենտրոնացրել տնտեսության և ընդհանրապես պետական կյանքի մասին որոշումների իշխանական լծակները կամ դրանց մեծ մասը: Այդ խմբերը սահմանափակել են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մրցակցությունը արդեն երկու տասնամյակ, արդեն երկու տասնամյակ միմյանց միջև թե՛ իշխանությունն են բաժանել, թե՛ բիզնեսը, երբեմն-երբեմն վերաբաժանում են թե՛ մեկը, թե՛ մյուսը: Դրա հետևանքը այն է, որ Հայաստանի տնտեսությունը խեղդվել է մոնոպոլիաների և օլիգոպոլիաների անարդյունավետությունից:
Ըստ Համաշխարհային բանկի փորձագիտական ուսումնասիրությունների, Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլացվածն է Արևելյան Եվրոպայում: Հայաստանի տնտեսական խնդիրները ոչ կոսմետիկ, այլ համակարգային լուծելու համար անհնար է չապամոնտաժել օլիգարխիկ կառուցվածքը: Հետևաբար, եթե որևէ վարչապետ, որևէ նախագահ, կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա փորձելու է իրապես գնալ դրան, օլիգարխների հետ վատ հարաբերությունները նրա համար անխուսափելի են, որովհետև Հայաստանը կանգնած է պարզ երկընտրանքի առաջ՝ կամ օլիգարխներն են զիջում, կամ հասարակությունը կրկին կանգնում է կոտրած, այս անգամ թերևս փշրված տաշտակի առաջ: Քննարկելի կարող են լինել այդ դիլեմայի հանգուցալուծման տարբերակները, արագությունը, կտրուկությունը, դինամիկան, ընդգրկումը և այլն, էվոլյուցիան կամ ռևոլյուցիան․ բայց կամ-կամն անխուսափելի է:
Հետևաբար, այդ համատեքստում արդեն, եթե Կարեն Կարապետյանը հանդես է գալիս որպես համակարգային փոփոխության մտադրության կրող և իրականացման կամքի տիրապետող, ապա օլիգարխների հետ լավ հարաբերությունների մեջ լինելու նրա հայտարարությունը արդեն դառնում է որոշակիոեն անտրամաբանական: Դա մոտավորապես նույնն է, որ ծառի չորացած ճյուղը լավ հարաբերությունների մեջ լինի սղոցի կամ փայտահատի հետ: Իհարկե, մյուս կողմից էլ Հայաստանում մշտապես է ասվում, որ մարդը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է, այսինքն՝ իշխող համակարգը որևէ մեկի դեմքով չի կարող պայքարել կոռուպցիայի, համակարգային արատների, հովանավորչության և այլնի դեմ, քանի որ համակարգը հենց ինքը այդ ամենի հանրագումարն է՝ չկա դա, չկա նաև համակարգ: Բայց հարգելով անմեղության՝ տվյալ դեպքում կամքի և ցանկության կանխավարկածը, այդուհանդերձ հենց այդ համատեքստում էլ զարմանալի է դառնում, որ Կարեն Կարապետյանը կարող է լավ հարաբերությունների մեջ լինել օլիգարխիայի հետ: Չէ՞ որ Հայաստանում օլիգարխիան հենց չորացած, կամ ավելի շուտ Հայաստանի տնտեսության ծառը չորացրած ճյուղն է, իսկ «փոփոխությունների խորհրդանիշ» որևէ վարչապետ էլ՝ փայտահատը կամ սղոցը: Բացառված չէ իհարկե, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում գնալ օլիգարխիայի հետ կոնֆլիկտի, թե այն պատճառով, որ ի վերջո կան այդ շրջանում բազմաթիվ մտերիմ մարդիկ և կապող հարցեր, թե այն պատճառով, որ չի ուզում մտնել առավել կոշտ բախման մեջ: Բայց, չէ՞ որ օլիգարխիան էլ հիմար չէ, և առնվազն սեփական փողերն ու շահերը գիտե հաշվել: Հետևաբար հարց է առաջանում, թե ով է այս խաղում հայտնվելու հիմար վիճակում:
Լուսանկարը՝ Photolure-ի