Կառավարության վաղվա նիստում հաստատվելու է դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մի ժամանակացույց, որով մտցվելու են դեղերի արտադրական գործունեության համապատասխան կանոններ։ ՀՀ առողջապահության նախարարի կողմից առաջարկվել է կառավարության որոշմամբ սահմանել ժամանակացույց, որտեղ նշված կլինեն մի շարք միջոցառումներ 2011-2014 թվականների համար, և «որոնց հաջորդական իրականացման արդյունքում հնարավոր կլինի ներդնել հանրապետությունում դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոններ»:
«Նկատի ունենալով, որ ՀՀ-ում դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները նոր է նախատեսվում ներդնել, ինչի արդյունքում անհրաժեշտություն կառաջանա մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելու և նշված կանոնները հանրապետությունում կիրառելի դարձնելու նպատակով գործող կառույցներում ստեղծել համապատասխան փորձագիտական բաժին կամ բաժիններ, իրականացնել կադրերի վերապատրաստումներ, ուսումնասիրել Եվրամիության երկրների փորձը և իրականացնել ներպետական օրենսդրական դաշտի փոփոխություններ, ինչը պահանջելու է համակարգված և հերթական քայլերի իրականացում, ուստի և անհրաժեշտ է նշված ժամանակացույցի հաստատումը»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:










































