Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սուրճի համաշխարհային շուկայում առաջարկի դեֆիցիտը կպահպանվի երրորդ տարին անընդմեջ։
Ընդ որում՝ աֆրիկյան սուրճ ռոբուստայի արտադրությունը հավանաբար կլինի ամենացածրը՝ սկսած 2012 թվականից։ Այդ մասին նշված է Սուրճի միջազգային կազմակերպության (International Coffee Organization, ICO) զեկույցում։
ICO-ի գնահատականներով՝ 2016/2017 թվականի գյուղատնտեսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերին, սուրճի դեֆիցիտը կազմելու է 3.5 միլիոն պարկ (պարկի քաշը կազմում է 60 կիլոգրամ կամ 132 ֆունտ):
Ակնկալվում է, որ արաբիկայի արտադրությունը կլինի ռեկորդային՝ 93.5 միլիոն պարկ՝ շնորհիվ Բրազիլիայի, Կոլումբիայի ու Հոնդուրասի բարձր բերքի։ Ռոբուստա սուրճի գինը աճել է 43 տոկոսով՝ համեմատած 2016 թվականի սկզբի հետ և մեկ տոննայի համար կազմել է 2190 դոլար։









































