Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Մեդվեդևը հույս է հայտնել, թե Սիրիայում կիրականացվեն ժողովրդավարական բարեփոխումներ: Այս հեռախոսազրույցը հատկանշական է այնքանով, որ վերջին շաբաթների ընթացքում սեփական ժողովրդի դեմ կիրառած բռնի ուժի համար Բաշար Ալ-Ասադը շատ երկրներում դարձել է պերսոնա նոն գրատա, և նրա հետ ոչ ոք չի ցանկանում բանակցել, քանի դեռ չեն դադարեցվել բռնությունները:
«Մեդվեդևը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշումը Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ Բաշար Ալ-Ասադի կողմից հայտարարված բարեփոխումների կուրսը կիրականացվի առավել աշխույժ՝ երկրի հասարակայնության հետ լայն երկխոսության պայմաններում»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ալ-Ասադն իր հերթին ասել է, որ «Սիրիայի իշխանությունը անում է և կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի Սիրիայի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, որը կիրականացվի խաղաղ ճանապարհով»՝ նշելով, որ ծայրահեղական և ֆունդամենտալիստական կազմակերպությունների գործողությունները անթույլատրելի են և ճնշվելու են:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից Սիրիայում սկսված հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 800 մարդ, ինչի մասին տեղեկացնում են իրավապաշտպանները: Սիրիայի նախագահի և ռեժիմի մի շարք ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ են կիրառել ԱՄՆ-ն, Եվրամիությունը: Երեկ Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստվում է սառեցնել Բաշար Ալ-Ասադի հաշվեհամարներն այդ երկրում:









































