2011թ․ Իրաքից ամերիկացի զինվորականների դուրս բերումը նպաստել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ստեղծմանը և ուժեղացմանը։ Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը։
«Չեմ կարծում, որ զորքերի դուրս բերումը եղել է խմբավորման ստեղծման պատճառ։ Բայց կարծում եմ, որ դա եղել է գործոն, որն իր ներդրումն է ունեցել իրադարձությունների հետագա զարգացման վրա։ Քանի որ մենք այնտեղ չէինք, չէինք կարող խորհուրդ տալ և օգնել իշխանություններին»,-հայտարարել է Բրենանը։
Միևնույն ժամանակ Բրենանը խոստովանել է, որ 2003թ․ ԱՄՆ զորքերի մուտքը Իրաք «պատճառ է հանդիսացել բռնության և արյունահեղության աշխարհի այս հատվածում»։
Բրենանի կարծիքով, եթե ամերիկացի զինվորականները մնային Իրաքում, ԴԱԻՇ-ի ծայրահեղականները կարող էին օգտվել նաև այս հանգամանքից և միավորել իրենց կողմնակիցներին։ «Դժվար է ասել, բայց պատմությունն այլ կլիներ։ Անկասկած, այլ կիլիներ»,-հավելել է ԿՀՎ-ի ղեկավարը։










































