«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը
–Պարոն Բաղդասարյան, Կապանում տեղի է ունեցել ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը, որի ժամանակ Սուրեն Խաչատրյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Թեկնածու է առաջադրվել մարզպետ Վահե Հակոբյանը: Ի՞նչ է տեղի ունենում. կարո՞ղ ենք ասել, որ սա սկսված գործընթացի շարունակությունն է, նախ պաշտոնից հեռացրիք, հիմա էլ կուսակցության տարածքային կառույցից նրան հեռացրիք:
-Սուրեն Խաչատրյանին պաշտոնից մենք չենք հեռացրել, Սուրեն Խաչատրյանը դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու համար: Ձևակերպումները և հարցերը պետք է ճիշտ լինեն: Ինչ վերաբերում է ՀՀԿ տարածքային ղեկավարին: Այս պաշտոնի հետ կապված՝ նորից Սուրեն Խաչատրյանն է դիմում ներկայացրել: Պարզապես եթե ուշադրություն եք դարձրել, եթե մարզպետները ՀՀԿ կուսակցության անդամ են, նրանք են ՀՀԿ-ի տարածքային կառույցները ղեկավարում: Այդ սկզբունքով Սուրեն Խաչատրյանն ինքը դիմում է ներկայացրել, նա մնում է մեր կուսակցության անդամ, և նա իր դերակատարությունն ունի և իր գործունեությունն ունի մեր կուսակցության շարքերում:
-Պարոն Բաղդասարյան, Հովիկ Աբրահամյանը կարծեք թե սկսել է նախընտրական քարոզարշավը: Համենայն դեպս, Արտաշատում նրա Ամանորյա ելույթը նախընտրական էր: Ենթադրվո՞ւմ է, որ հենց նա ՀՀԿ այս տարածքայինի ղեկավար լինի:
-Ինչո՞ւ եք շտապում, լրագրողները միշտ շտապողականություն են ցուցաբերում: Համբերե՛ք մի քանի օր, կլինի մեր խորհրդի նիստը, և ամեն ինչը ձեզ համար պարզ կլինի:
-Ե՞րբ կլինի ՀՀԿ խորհրդի նիստը, արդեն որոշվե՞լ է օրը:
-Հենց որ օրը որոշենք, կտեղեկացնեմ, դեռ չենք որոշել, ՀՀԿ առաջիկա նիստում կորոշենք խորհրդի նիստի օրը:
-Խորհրդի նիստում ամենակարևոր հարցերը որո՞նք են լինելու, նախընտրակա՞ն:
-Խորհրդի նիստում ոչ կարևոր հարցեր չկան, բոլոր հարցերը կարևոր են:
-Իսկ օրակարգում կլինե՞ն ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր:
-Իհարկե: Մոտենում են ընտրությունները:
-Այս ընթացքում դաշինքներ են ձևավորվում, և կարծիք կա, որ Հանրապետականը չի շտապում ներկայացնել իր ցուցակը և այլն՝ հաշվի առնելով, որ հնարավոր է ինքն էլ դաշինքով ներկայանա ընտրություններին:
-Նման քննարկում չենք կազմակերպել, բայց ուշադիր հետևում ենք բոլոր քաղաքական քննարկումներին:
–Ինչպե՞ս եք գնահատում ձևավորված այս դաշինքները և նաև Սեյրան Օհանյանի հնարավոր դաշինք ձևավորելը:
-Մաղթում ենք հաջողություն: Դա կախված է Սեյրան Օհանյանին, դա կախված է նրա աշխատանքից, ծրագրային դրույթներից, բայց նա միշտ էլ եղել է քաղաքականության մեջ: Քաղաքական նման պոստեր գրավող մարդը… ի՞նչ է, քաղաքականության մեջ չի՞ եղել:
–Պարոն Բաղդասարյան, այս ընդդիմադիրների դաշինքներն ինչպե՞ս եք գնահատում, նրանք իշխանափոխության մանիֆեստ են ներկայացնում:
-Հանրապետական կուսակցությունը բոլորի հետ հույսեր է կապում, որ ընդդիմության դաշտը կկայացնեն: Մենք լուրջ բաց ունենք ընդդիմության դաշտում: Հույս ունենք, որ այդ դաշինքները, միավորումները կարող են կայացնել ընդդիմադիր դաշտը: Իշխանությանն անհրաժեշտ է իրեն համարժեք ընդդիմություն: Ընդդիմությունը զգոն է պահում իշխանությանը:
-Իսկ այս պահին ձեզ մրցակից քաղաքական ո՞ր ուժին կամ դաշինքին եք տեսնում:
-Մենք ոչ մեկին չենք թերագնահատում, բոլորի ուժերը գնահատում ենք և համարում ենք մեզ մրցակից:
-ՏԻՄ ընտրություններին հաշվարկներ էիք կատարել և տեսել՝ 30 տոկոս հնարավորություն ունեք: Մենք տեսնում ենք, որ փաստորեն ՀՀԿ-ն շատ հնարավոր է, որ չկարողանա մեծամասնություն լինել: Դուք այդ հաշվարկներն արե՞լ եք ՀՀԿ-ում, որ միայնակ մասնակցելու դեպքում հնարավոր է ձախողվեք:
-Հաշվարկները մեկ օրվա ընթացքում չեն կատարվում, մենք նախընտրական աշխատանքներ ենք իրականացնում, մոնիթորինգ ենք անցկացնում, նախօրոք արդյունքների մասին տեղյակ կպահենք: Մի՛ անհանգստացեք, ՀՀԿ-ն նման նպատակ էլ չունի, որ պարզ մեծամասնություն կազմի:
–Պարոն Բաղդասարյան, տեսնում ենք Վանաձորում ինչ վիճակ է:
-Վանաձորում շատ հանգիստ, նորմալ աշխատանքային վիճակ է, դրա համար էլ մի՛ անհանգստացեք:
Բյուջեն չի հաստատվել, նիստերը չեն կայանում, ինչպե՞ս է նորմալ:
-Այնտեղ աշխատում են օրենքի տողին համապատասխան:
-Կարծում եք՝ կառավարությունը նոր ընտրություններ չի՞ հայտարարի Վանաձորում, որևէ կերպ չեք տեսնո՞ւմ նման հնարավորություն:
-Որևէ բան չենք բացառում: Կտեսնենք, ժամանակ ունեն ավագանին և քաղաքապետը, նրանց աշխատանքներն իրենց հունով գնում են, հետագայի մասին չխոսենք:
Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությունն ուշանում է: Ասում են՝ իշխանությունն է նրան հետ պահում հայտարարություն անելուց, կա՞ այդպիսի բան, թե ոչ:
-Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն անձնավորություն է, ինքը կորոշի իր ճակատագիրը:
-Բայց չէ՞ որ իշխանությունն ինքը նրան քաղաքական դաշտից դուրս դրեց երկու տարի առաջ:
-Ինքը նման որոշում կայացրեց:
-Այսինքն՝ նրա վերադարձը հնարավոր է, որ այլևս չանհանգստացնի՞ Հանրապետականին:
-Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով դիմեք իրեն:
-Ամեն դեպքում Հանրապետականին չի՞ անհանգստացնում նրա վերադարձը քաղաքականություն:
-Մենք ողջունում ենք բոլորին:






































