Եվրամիությունն առաջիկայում նախատեսում է վերանայել Եգիպտոսի հետ իր հարաբերությունները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարների հայտարարությունը:
Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հակամարտող կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ բռնության հետագա ուժեղացում:
«Եվրամիությունը շտապ կարգով առաջիկայում կվերանայի Եգիպտոսի հետ հարաբերությունները և միջոցառումներ կձեռնարկի, որոնք ուղղված կլինեն այդ խնդիրների լուծմանը»,- ասել են Ռոմփեյը և Բարոզուն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Բրյուսելում նախատեսվում է Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ Եգիպտոսի դրությունը քննարկելու համար:










































