Նյու Յորքի իշխանությունները բողոքարկում են ներկայացրել դաշնային դատավոր Շիրա Շեյնդլինի որոշման դեմ: Նա այս շաբաթ վճռել էր, որ մեգապոլիսի ոստիկանությունը փողոցում ձերբակալություններ ու խուզարկություններ է իրականացնում ռասայական հողի վրա՝ այդպիսով խախտելով ԱՄՆ սահմանադրությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նյու Յորքի իրավաբանական վարչության ղեկավար Մայքլ Կարդոզոն հայտարարել է, որ քաղաքապետը, ոստիկանապետն ու քաղաքի բնակիչները պահանջել են հնարավորին շուտ վիճարկել դատավորի որոշումը:
Երկուշաբթի ավարտված դատական գործընթացը շարունակվել է մոտ երկու ամիս: Դատավարության ընթացքում ցուցմունք է տվել ավելի քան 10 մարդ, ովքեր հաստատել են, որ իրենց կանգնեցրել ու խուզարկել են մաշկի գույնի պատճառով:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն ու ոստիկանապետ Ռեյ Քելին հաստատում են, որ կասկածելի մարդկանց խուզարկելու ոստիկանության իրավունքը նպաստել է մեգապոլիսում հանցավորության մակարդակի նվազեցմանը:Անցած տարի Նյու Յորքում տեղի է ունեցել 419 սպանություն, մինչդեռ 1990-ականներին քաղաքի փողոցներում ամեն տարի ավելի քան 2000 սպանություն էր կատարվում:








































