Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խնդրել է ԵՄ-ին փորձագիտական խումբ ուղարկել Ջիբրալթարի հետ սահմանին Իսպանիայի ներմուծած սահմանային վերահսկողության հարցը հրատապ հետաքննելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տասը օր առաջ Իսպանիայի իշխանությունները խստացրել էին տրանսպորտային միջոցների ստուգումները, ինչը զբոսաշրջիկների ու բնակիչների համար զգալի ձգձումների պատճառ էր դարձել:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հեռախոսազրույցի ընթացքում Քեմերոնը հայտարարել է, որ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի, և որ իսպանացիները խախտում են ԵՄ կանոնները:
Անցած շաբաթ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկեն Ջիբրալթարում սեփական շահերի պաշտպանության համար:
Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական վեճը չի կարող շարունակվել, Իսպանիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը՝ հայտարարել էր Ռախոյը՝ ելույթ ունենալով Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Ջիբրալթարը Մեծ Բրիտանիայի անդրծովյա տարածք է:






































